ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ հուլիսից հետո բանկերն ավելի քան 7 միլիարդ դրամի տույժ-տուգանքներ են ներել:

Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Հուլիսին մեր իրականացրած օրենսդրական փոփոխությունների արդյունքում Հայաստանի բանկերը ավելի քան 7 միլիարդ դրամի տույժ-տուգանքներ են ներել՝ 14 հազար 963 վարկառուի:

Վերանայվել է շուրջ 124 հազար հաճախորդի վարկային պատմություն: Այս գործընթացը շարունակական է:

Անհուսալի վարկեր ունեցող քաղաքացիները պետք է այցելեն իրենց վարկավորած բանկերին՝ տույժ-տուգանքների գծով համաձայնության գալու համար»:

Մեկ այլ գրառմամբ Նիկոլ Փաշինյանը նաև անդրադարձել է հանրապետությունում հանցավորության վիճակագրության մասին երեկ արած իր գրառմանը։

«Երեկ մի փոքր ավելի խորացանք վիճակագրության մեջ և պարզվեց, որ Հայաստանում 2018թ-ի սպանությունների մակարդակը ռեկորդային ցածր է ոչ միայն 1990, այլև՝ 1980թ-ից ի վեր»,- գրել է նա:

Հիշեցնենք, որ վարչապետի պաշտոնակատարը երեկ գրել էր, որ 2018թ-ին Հայաստանում արձանագրվել է սպանությունների ռեկորդային ցածր մակարդակ՝ 1990թ-ից ի վեր:

«Սա կարևոր ցուցանիշ է: Կարևոր է նաև արձանագրել, որ բոլոր նրանք, ովքեր կփորձեն տնտեսական, քաղաքական, անձնային, խմբային որևէ հարց լուծել բռնության կամ զենքի միջոցով՝ կարժանանան լրջագույն հակահարվածի և խստագույն պատասխանատվության»,- գրել էր նա: