Բեռնափոխադրող ընկերությունների ներկայացուցիչները բողոքի ակցիա են իրականացնում կառավարության դիմաց։ Նրանք դժգոհում են հարկային փոփոխություններից:

Տրանսպորտի և կապի նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը նրանց հորդորել է հունվարին նստել մի սեղանի շուրջ ու քննարկել իրավիճակը, փորձել լուծումներ գտնել, հայտնում է Panorama.am-ը։ Ակցիայի մասնակիցները դժվարությամբ են համաձայնել.

«Մենք մի տարի է՝ նամակագրության մեջ ենք, սպասում ենք պատասխանի։ Չէ՞ որ ասում եք, տեղյակ եք եղել խնդրին, ինչի՞ քայլեր չեք ձեռնարկել»։

Նրանք հույս են հայտնել, որ քննարկման արդյունքում ընդհանուր հայտարարի կգան։

«Հարկերն են ավելացնում, այստեղ մենք եկել ենք մեր հաշվապահների հետ, առաջ աշխատում էինք հաստատագրված վճարով, հիմա տեղափոխել են 20 տոկոս ՀՆԱ-ի դաշտ, ինչին համաձայն չենք։ Մենք բազմիցս դիմել ենք, բայց պատասխան չենք ստացել»,- ասել է «Կարեն-Իշխան» ՍՊԸ տնօրեն Իշխան Գևորգյանը։

Միջազգային բեռանփոխադրում իրականացնող ընկերություններից մեկի գլխավոր հաշվապահ Կարինե Հովհաննիսյանն էլ նկատել է, որ հաստատագրված վճարն իրենց ձեռնտու էր, ֆիքսված գումար էր։

«Իսկ հիմա, փաստաթղթաշրջանառությունը բարդացել է, բացի այդ նախկինից 4-5 անգամ ավելացել են վճարները»,-մանրամասնել է նա։

Նրա խոսքով, իրենք 1-2 շաբաթ էլ կսպասեն, բայց հետո դիմելու են բողոքի ակցիաների՝ ընդհուպ մինչև ճանապարհների փակում։