ՀՀ Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում այսօր քննարկվում է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Տաջիկստանի Հանրապետության կառավարության միջև քաղաքացիների փոխադարձ այցելությունների մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը։

«Համաձայնագիրը բավականին ստանդարտ է՝ իր բոլոր պայմաններով և վերաբերում է նրան, որ Տաջիկստանի և Հայաստանի քաղաքացիները առանց վիզաների կկարողանան փոխադարձ մուտք գործել երկրներ»,- իր ելույթում նշեց հիմնական զեկուցող ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը։

Նրա խոսքով՝ պայմանները բավականաչափ ստանդարտ են, այսինքն կես տարվա ընթացքում քաղաքացին կարող է անընդհատ կամ ընդմիջումներով մնալ մյուս երկրում, բայց ոչ ավել քան 90 օր։

Հիմնական զեկուցողին հարց ուղղեց հանձնաժողովի անդամ, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Արայիկ Աղաբաբյանը՝ թե այս պայմանագրում որևէ տարբերություն կա՞ նախկին ԽՄ երկրների հետ կնքած պայմանագրերի ժամկետների հետ։

Փոխնարարաը պատասխանեց, որ նույնն է, տարբերություն չկա։

ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Բեքարյանն էլ հարցրեց՝ ինչ պայմանավորվածություն որ կա ԱՊՀ-ի շրջանակներում արված, չի՞ բավարարում կողմերին, և նրանք գնում են երկկողմ համաձայնագրերի, և արդո՞ք սա նախադեպ չի դառնա, որ ԱՊՀ ներքո այլ պայմանավորվածություններին ևս սկսել երկկողմանի լրացնել։

Հիմանական զեկուցողը պատասխանեց, որ սա ոչ թե նախադեպ է, այլ պրոցեսի համարյա թե ավարտն է, քանի որ բոլոր պետությունները նախաձեռնել էին նման բան և այդ պրոցեսը գնում էր։

Ինչ վերաբերում է հարցին, թե այլ համաձայնագրերի դեպքում նման մոտեցումներ կարող են լինել, Քոչարյանն ասաց, որ համենայն դեպս այսօր այդպիսի տեդենց չկա։

«Եթե սա դառնում է լրացուցիչ երաշխիք քաղաքացիների փոխադարձ այցերի հետ կապված որևէ խոչընդոտ չունենալու, սա արդեն միայն բավարար պատճառ է, որպեսզի դրական եզրակացություն տրվի»,- իր ելույթում հավելեց հարակից զեկուցող Կարեն Բեքարյանը՝ կոչ անելով կողմ քվերակել։

Համաձայնագրի նախագիծն արժանացավ հանձնաժողովի անդամների հավանությանը և այն ընդգրկվեց փետրվարի 15-ին կայանալիք ԱԺ նիստի օրակարգում: