ՀՀ կրթության և գիտության նախարարությունն ավարտել է «Արարատյան բակալավրիատ» ծրագրի ուսումնասիրությունը, որը կատարվել է երեք ուղղությունով` բովանդակություն, ֆինանսներ, ծրագրի ներդրում, հայտնում է ԿԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Ծրագրի ֆինանսական բաղադրիչի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ դրա շրջանակում կատարված գնումների գործընթացն իրականացվել է գնումների մասին ՀՀ օրենսդրության պահանջների խախտումներով:

«Սա, մասնավորապես, վերաբերում է Քեմբրիջի համալսարանի հետ կրթական ծառայությունների մատուցման պայմանագրերի կնքմանը, «Այբ» հիմնադրամի կողմից տարածքի վարձակալությանը և այլ գործարքների: Ֆինանսական հաջորդ խնդիրը «Այբ» կրթական հիմնադրամի կողմից վարձակալված տարածքի (պատկանում է «Վեմ» ռադիոկայանին) և դրա վարձավճարի մեծությունն է, որը 30-40%-ով գերազանցում է համարժեք գրասենյակային տարածքի միջին շուկայական արժեքը (դիտարկումը հիմնված է անշարժ գույքի գործակալությունների կողմից տրված համեմատական կարծիք-գնահատման վրա)», - նշված է նախարարության հաղորդագրության մեջ:

Նշվում է նաև, որ այս հանգամանքը «կարևոր է` հաշվի առնելով այն փաստը, որ վարձակալության պայմանագրերով նախատեսված գումարների մի մասը վճարվել է ԿԳ նախարարության և «Այբ» կրթական հիմնադրամի միջև կնքված պայմանագրերով հիմնադրամին հատկացված գումարներից»:

Եվս մեկ ֆինանսական խնդիր վերաբերում է պետական միջոցներից տրամադրված գումարներից հիմնադրամի աշխատակիցներին տրված պարգևատրումներին։ ՀՀ ԿԳ նախարարությունը հիմնադրամի հետ 2014թ-ի նոյեմբերի 13-ին կնքել է նվիրաբերության պայմանագիր: Հիմնադրամն իր հերթին 2014թ-ի հոկտեմբերի 27-ին Կրթության գերազանցության ազգային ծրագրի շրջանակում աշխատողների հետ կնքել է աշխատանքային պայմանագրեր (պայմանագրի 2.1.1. կետ՝ աշխատանքը սկսել 01 նոյեմբերի 2014թ-ից)։ Պայմանագրերի կնքումից հետո 9 աշխատակից 15 օրվա համար պարգևատրվել է` նոյեմբեր ամսին ցուցաբերած ակտիվ և արդյունավետ աշխատանքի համար (առանց հիմնավորման, թե կոնկրետ ինչ աշխատանք է կատարվել, ինչ արդյունքներ են արձանագրվել նշված ժամանակահատվածում) ավելի քան 13.4 դրամի չափով:

«Արարատյան բակալավրիատի» բովանդակային մասի ուսումնասիրության վերհանած խնդրահարույց հիմնական կետերն են` առարկայական ծրագրերի թարգմանված և տեղայնացված լինելը (ի հակադրություն ստեղծված լինելուն), առարկայական բովանդակային անհամապատասխանությունները, ինչպես նաև հիմնական դպրոցի վերջնարդյունքների և ԱԲ-ի շարունակականության միջև առկա խզումը:

Ուսումնասիրության երրորդ կետով անդրադարձ է կատարվել «Արարատյան բակալավրիատ» ծրագրի ներդրմանն ու շարունակականությանն առնչվող հարցերին:

«Մասնավորապես, ծրագիրը չուներ հստակ ներդրման պլան, որը պետք է հաստատված լիներ դեռևս 2018 թվականի մարտ ամսին: Ընտրված ներդրման մոտեցումները ռիսկային են` դպրոցների միջև հավասարության, ռեսուրսների համաչափ բաշխման ու արդարության հավասարակշռության պահպանման տեսանկյունից: Ծրագրի շարունակականության վերաբերյալ ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ «Արարատյան բակալավրիատի» աշխատանքների կազմակերպումն ու իրականացումը ոչ պետական հենքի վրա վնասել են ծրագրի կայունության հեռանկարը: Ոչ պետական հարթակի վրա քննական կենտրոնի ստեղծումը և ծրագրի կառավարումը առաջ են բերել անբարենպաստ պայմաններ` ծրագրի կայացման, զարգացման և ընդլայնման համար: ԱԲ ծրագրում ընդգրկված ուսուցիչների, տնօրենների, ծրագրի տեղայնացման ուղղությամբ աշխատած, ինչպես նաև քննական կենտրոնի մասնագետների հետ բազմաթիվ հանդիպումները ցույց տվեցին, որ ներգրավված են եղել իրենց գործին պատասխանատվությամբ վերաբերվող, կրթության ոլորտի գիտակ մարդիկ», - նշված է նախարարության հաղորդագրության մեջ:

Նշված հարցերի մանրամասները ներկայացված կլինեն ուսումնասիրության վերջնական զեկույցում, որը կտրամադրվի «Այբ» կրթական հիմնադրամին և կհրապարակվի հիմնադրամի կողմից զեկույցի վերաբերյալ կարծիք ստանալուց հետո: