Երևանի Աբովյան, Փավստոս Բուզանդի, Եզնիկ Կողբացու և Արամի փողոցներում պարփակված տարածքը կճանաչվի հանրային գերակա շահ. այստեղ հնարավոր կլինի վերականգնել «Հին Երևան» պատմաճարտարապետական միջավայրը: Համապատասխան որոշման նախագիծն ընդգրկված է գործադիրի դեկտեմբերի 27-ի նիստի օրակարգում:

Նշվում է, որ տարածքը ներկայումս կառուցապատված է հին և խարխուլ, տարերայնորեն տեղակայված բնակելի տներով և շինություններով, որոնք չեն համապատասխանում հակահրդեհային, սանիտարահիգիենիկ, քաղաքաշինական նորմերին և կարող են արտակարգ իրավիճակների պատճառ դառնալ: Տարածքի անմիջական հարևանությամբ գտնվող տարածքների համար նախագծվել և մասնակիորեն իրականացվել են համաքաղաքային ենթակառուցվածքների անբաժանելի մասը կազմող հանգույցներ, մասնակիորեն կառուցապատվել է գլխավոր պողոտան:

Նախագիծը հնարավորություն է ստեղծում քանդված պատմության և մշակույթի հուշարձանների տեղափոխման եղանակով տարածքում վերստեղծել քաղաքաշինական գեղագիտական միջավայր: Թաղամասը վերակառուցելու նպատակը՝ պատմական կառուցապատված տարածքների կիրառական-գեղագիտական բարելավումն է, կանոնավոր կառուցապատմամբ արգելանոցային գոտու սահմանումը և ներգրավումը քաղաքի կենսագործունեության մեջ:

Պատմական կառույցների հիմնական ֆոնդում 19-րդ դարի և 20-րդ դարասկզբի շինություններն են: