ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն իր նախաձեռնությամբ հրաժարվել է Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնից, հայտնում է «Հայկական ժամանակը»։

ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի կազմը, որը հաստատվել է 2015թ-ին, դեռ չի փոխվել։ Ըստ ԵՊՀ պաշտոնական կայքի, խորհրդի անդամներն են Սերժ Սարգսյանը, ՊՆ նախկին նախարար Վիգեն Սարգսյանը, սփյուռքի նախկին նախարար Հրանուշ Հակոբյանը, ՀՀ սահմանադրական դատարանի նախկին նախագահ Գագիկ Հարությունյանը, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Արմեն Աշոտյանը և այլք։

ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի վերջին նիստը տեղի է ունեցել 2017թ-ի դեկտեմբերի 25-ին։ Քանի որ վերջին շրջանում նիստ չի եղել, ապա Սերժ Սարգսյանն, ամենայն հավանականությամբ, խորհրդի նախագահի պաշտոնից հեռանալու մասին դեռ միայն բանավոր է հայտնել ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանին։

Հայտնի չէ, թե երբ է տեղի ունենալու ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի հաջորդ նիստը, քանի որ այն կարող է տեղի ունենալ միայն ՀՀ վարչապետի կողմից խորհրդի նոր կազմի հաստատումից հետո։