Վրաստանի էներգետիկայի և ջրի մատակարարման կարգավորման հանձնաժողովը Թբիլիսիի «ԿազՏրանսԳազ» գազաբաշխիչ ընկերության բաժանորդների համար գազի սակագինը նվազեցրել է:

Այս մասին հաղորդում է «Նովոստի-Վրաստանը»` հղում անելով Վրաստանի Հանրային հեռուստատեսությանը:

Հանձնաժողովի որոշման համաձայն՝ բնական գազի մեկ խորանարդ մետրի գինը 2019թ-ի հունվարի մեկից կնվազի 0,014 տետրիով: Ներկայումս Թբիլիսիում բնական գազի մեկ խորանարդ մետրի գինը 46,153 տետրի է:

Սակագնի վերանայումը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ «ԿազՏրանսԳազ» ընկերությունը դիմել է հանձնաժողովին սակագների բարձրացման թույլտվության ստանալու համար: Որոշումը պայմանավորված է նրանով, որ գազի փոխադրման ծախսերը նվազել են, բացատրել է հանձնաժողովը:

Հանձնաժողովը որոշել է նաև «ՍՈՔԱՐ Ջորջիա Գազ» ընկերության բաժանորդների համար բնական գազի սակագինը նվազեցնել 0.011 տետրիով: Ընկերության ընթացիկ սակագինը 56.940 տետրի է:

Վրաստանի էներգետիկայի եւ ջրի մատակարարման կարգավորման հանձնաժողովի համաձայն՝ 2019թ-ի հունվարի մեկից ՍՈՔԱՐ ընկերության բաժանորդների համար սակագինը պետք է կազմի 56.929 տետրի:

Էկոնոմիկայի նախարարությունը նամակ է հղել հանձնաժողովին, որում հաղորդել է գազի առաքման ծախսերի կրճատման մասին: Դա հնարավորություն է տվել պահպանել առկա սպառողական սակագները և նույնիսկ մի փոքր նվազեցնել դրանք:

«Էկոնոմիկայի նախարարության նամակում նշվում է, որ այդ ծախսերն իր վրա է վերցնում պետական ընկերությունը՝ Վրաստանի Նավթի և գազի կորպորացիան, դա տեղի չի ունենում ադրբեջանական «ՍՈՔԱՐ» ընկերության հաշվին: Սա սոցիալական քաղաքականության արդյունք է, որը կառավարությունը նման որոշմամբ է վարում», - ասել է Վրաստանի էներգետիկայի և ջրի մատակարարման կարգավորման հանձնաժողովի նախագահ Իրինա Միլորավան: