Տոնական օրերին առաջնագծում իրականացվող մարտական հերթապահությունում ընդգրկված ստորաբաժանումների զգոնությունը բարձրացնելու, հակառակորդի հավանական սադրանքները ժամանակին հավաստանշելու և կանխելու նպատակով բանակի հրամանատարությունը ձեռնարկել է մի շարք անհրաժեշտ միջոցառումներ, հաղորդում է Արցախի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

Այդ միջոցառումների համապատասխանությունը ներկայացվող պահանջներին առաջնագծի մի շարք ուղղություններում երեկ անձամբ ստուգել ու վերահսկել է Արցախի պաշտպանության նախարար, Պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանը:

«ՊԲ հրամանատարը նաև շնորհավորել է դիրքապահ զինծառայողների գալիք Ամանորն ու Սուրբ Ծնունդը` մաղթելով նոր տարում մարտական, բարոյահոգեբանական ու մասնագիտական որակների հետագա առաջընթաց և նոր հաղթանակներ: Դիրքապահ զինվորականները պաշտպանական գերատեսչության ղեկավարին վստահեցրել են, որ պատրաստ են ցանկացած պահի կատարել մարտական խնդիր և լիովին արդարացնել հրամանատարության ու ժողովրդի ակնկալիքները», - ասված է հաղորդագրությունում: