Թուրք դատախազը հետաքննություն է սկսել Fox News Turkey-ի հայտնի հաղորդավարի դեմ այն բանից հետո, երբ երկու շաբաթ առաջ Էրդողանը քննադատել էր նրան:

Դատախազությունը հայտարարել է, որ հետաքննում է Ֆաթիհ Պորտակալի դեմ «ուրիշներին հանցագործության մղելու» գործը, քանի որ լրագրողը ենթադրել էր, թե թուրքերն էլ կարող են «Դեղին ժիլետների» նման բողոքի ցույցի դուրս գալ:

«Եկե՛ք խաղաղ ցույց կազմակերպենք բնական գազի վարձի բարձրացման դեմ։ Եկե՛ք անենք դա» Կարո՞ղ ենք արդյոք մենք դա անել»,- հարցնում է լրագրողը, ով Twitter-ում 6 մլն հետևորդ ունի։ Նա նաև նշել է, որ թուրքերը վախենում են ցույցերից։

Պորտակալի ասածները թուրք պաշտոնյաների կողմից մեկնաբանվել են որպես ցույցերի կոչեր, քանի որ երկրում ինֆլյացիա է։

Էրդողանը բազմիցս լրագրողին քննադատել է նրա մեկնաբանությունների համար։

«Նա մարդկանց կոչ է անում փողոց դուրս գալ։ Իմացի՛ր քո տեղը։ Եթե դու չգիտես քո տեղը, մարդիկ քեզ դաս կտան»,- հայտարարել է Էրդողանը։