ՄԱԿ-ը պլանավորում է ենթադրաբար 2021 թվականին իրականացնել անօդաչու տիեզերանավի առաջին ինքնուրույն արձակումը դրա մշակողի՝ Sierra Nevada ամերիկյան վենչուրային ընկերության հետ համագործակցությամբ: Այս մասին հայտնել է ՄԱԿ-ի՝ տիեզերական տարածության հարցերի վարչության տնօրեն Սիմոնետա դի Պիպոն, փոխանցում է ճապոնական «Իոմիուրի» թերթը:

Նա նշել է, որ խոսքը շուրջ 9 մետր երկարությամբ Dream Chaser բազմակի օգտագործման անօդաչու տիեզերանավի մասին է, որը հիշեցնում է ամերիկյան Shuttle-ի փոքրացված մոդելը: Ենթադրվում է այն հրթիռակրի օգնությամբ դուրս բերել մոտավորապես 300 կիլոմետր բարձրությամբ ուղեծիր: Այդ ուղեծրում նավը կգտնվի շուրջ երկու շաբաթ և դրանից հետո ինքնուրույն կվերադառնա բազա:

Վարչության տնօրենի խոսքով՝ այդ սարքը կօգտագործվի տարբեր գիտափորձեր անցկացնելու համար, որոնք հասանելի կլինեն ՄԱԿ-ի բոլոր անդամներին՝ առաջին հերթին զարգացող պետություններին, որոնք միջոցներ չունեն սեփական տիեզերական ծրագրի համար: Ենթադրվում է, որ նախագիծը կֆինանսավորեն հովանավորները, ինչպես նաև այն պետությունները, որոնք կորոշեն դրանից օգտվել: Ընթացիկ տարում այդ նախաձեռնության մանրամասները կմշակվեն ՄԱԿ-ի՝ տիեզերական տարածության հարցերի վարչությունում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: