Կանանց համար ամենավտանգավոր երկրների տասնյակը
Reuters գործակալությունը հրապարակել է իր վարկածով կանանց համար ամենավտանգավոր երկրների թոփ տասնյակը: Վարկանշային աղյուսակը կազմելիս հաշվի են առնվել այնպիսի գործոններ, ինչպիսիք են առողջապահությունը, խտրականությունը, սեռական և ոչ սեռական բնույթի բռնությունը, ստրկավաճառությունը կամ շահագործումը:
Առաջին տեղում Հնդկաստանն է, երկրորդ տեղում՝ Աֆղանստանը, իսկ եռյակը եզրափակում է Սիրիան: Ցանկում հայտնվել են նաև Սոմալին, Սաուդյան Արաբիան, Պակիստանը, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը, Եմենը, Նիգերիան և ԱՄՆ-ն:
Ցուցակում հայտնվել են բոլոր գործոնների հանրագումարով առաջատար 10 երկրները, սակայն յուրաքանչյուր գործոնի առումով կազմվել են առանձին վարկանշային աղյուսակներ:
Նշվում է, որ Աֆղանստանում, Սաուդյան Արաբիայում և Հնդկաստանում ավելի շատ է կանանց նկատմամբ աշխատանքի, ժառանգության, կրթության և այլ առումներով խտրականությունը:
Կանանց համար վտանգավոր սովորույթների թվում գործակալությունը հիշատակում է ծծմբական թթվով հարձակումը, կանացի թլպատումը, հարկադիր ամուսնությունները, ֆիզիկական բռնությունը կամ որպես պատժի ձև աղջիկ երեխաների սպանությունը: Այս առումներով ամենավտանգավոր երկրների եռյակում են Հնդկաստանը, Աֆղանստանը և Սոմալին, մինչդեռ Հնդկաստանում, ԱՄՆ-ում, ԿԴՀ-ում և Սիրիայում կանայք ամենից շատ են ենթարկվում սեռական բռնության: