Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը դադարեցնելու է պաշտոնավարումը և վերցնելու է պատգամավորի մանդատը: Այս մասին նա գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում:

Գրառման մեջ մասնավորապես ասվում է․

«Հարգելի՛ շիրակցիներ, հաշվի առնելով մարզում վերջին ամիսներին իրականացրած արդյունավետ աշխատանքը և մեր քաղաքական թիմի սկզբունքային ձեռագիրը՝ համատեղ որոշում է կայացվել, և ես գործունեությունս շարունակելու եմ Ազգային ժողովում։ Քաջատեղյակ լինելով մարզի խնդիրներին՝ դրանց լուծումները տեսնում եմ օրենսդրական դաշտում։

Մենք հեղափոխությունից հետո և ընտրությունների արդյունքում ճանապարհ ենք հարթել, որ միասնական ջանքերով Նոր Հայաստան կառուցենք։ Սա է պատճառը, որ մեր հետագա աշխատանքը հաջորդ մարզպետի հետ՝ որպես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գաղափարների կրող և նույն քաղաքական թիմի անդամ, լինելու է կառուցողական ու նպաստավոր մարզի համար։ Վստահ եմ, որ նույն կերպ կհարգեք և կգնահատեք իմ իրավահաջորդին։ Հավատացեք, որ Շիրակի մարզի շենացման խնդիրները համատեղ ջանքերով լուծում կստանան»։