Կյանքից հեռացել է «Դրոյի» գործով ցմահ դատապարտված Արմենակ Մնջոյանը: Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ նախագահ Ժաննա Ալեքսանյանը:

«Ցմահ դատապարտյալ Արմենակ Մնջոյանը մահացավ։ Ցավակցում ենք ընտանիքին և հարազատներին։ Այս մահը ևս իշխանությունների խղճին մնաց։ Ինչո՞ւ չազատեցին գոնե նրանց, ում 20 տարվա շեմն արդեն հատել էր։

Ինչ հույս ու հավատով էին լցված հեղափոխական իշխանության հանդեպ ցմահ դատապարտվածները և ինչ հիասթափություն ապրեցին ամիսներ անց։ Ինչպես կարելի էր այս աստիճան թքած ունենալ մարդկանց վրա, անտեսել նրանց խնդիրները և հանգիստ նայել, թե ինչպես են նրանք մահանում։

Վերջին համաներումից առաջ զրուցել եմ Արմենակ Մնջոյանի հետ, ես հավատում էի, որ նրանց վրա էլ է տարածվելու համաներումը, բայց նա համոզված էր, որ չի տարածվելու։ Մնջոյանը խորաթափանց էր և ավելի լավ գիտեր իշխանության բնույթը»,- գրել է Ժաննա Ալեքսանյանը։

Հիշեցնենք, որ Արմենակ Մնջոյանը ձերբակալվել էր 1995թ-ին «Դրոյի» գործով և 1996թ-ին դատապարտվել մահապատժի։ 2003թ-ի օգոստոսի 1-ին Հայաստանի Հանրապետության նախագահի թիվ 103-Ա հրամանագրով Արմենակ Մնջոյանին շնորհվել էր ներում` մահապատիժը փոխարինվել էր ցմահ ազատազրկմամբ:

Ինչպես ավելի վաղ հայտնի էր դարձել, հունվարի 3-ին Նուբարաշեն ՔԿՀ-ում պատիժ կրող ցմահ դատապարտյալ Արմենակ Մնջոյանին տեղափոխել էին «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Թերթ․ամ-ի հետ զրույցում բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Միքայել Մանուկյանը նշել էր, որ Մնջոյանի վիճակը կտրուկ վատացել է, նրա մոտ ախտորոշվել էր սրտամկանի սուր ինֆակտ: