ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը հորդորում է դպրոցների տնօրեններին և մյուս աշխատակիցներին ուշադիր լինել ջեռուցմանը:

Այս մասին Հարությունյանը ֆեյբուքյան իր էջում գրել է․

«Դպրոցների հարգելի՛ տնօրեններ, տնտեսվարներ, տեխնիկական աշխատակիցներ, քանի որ հունվարի ութին մեկնարկում է ուսումնական գործընթացը, անհրաժեշտ է, որ առնվազն վաղվանից սկսվի դպրոցների շենքերի նորմալ ջեռուցումը՝ հաջորդ օրվանից նորմալ դասապրոցեսն ապահովելու համար:

Թեպետ այսօր տեղեկացա, որ արդեն կան դպրոցներ, որոնք սկսել են անհրաժեշտ ջերմաստիճանի բերել դասասենյակները: Մեր երեխաների առողջությունը պետք է լինի առաջին տեղում: Շնորհակալություն համագործակցության համար:

Նաև մարզերի և համայնքների ղեկավարներին խնդրում եմ ուշադրության տակ պահել այս հարցը և վաղը ստուգել դպրոցները, թեպետ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը նույնպես այս հարցը պահում է ուշադրության կենտրոնում: Երեկ և այսօր զրուցել եմ նրա հետ մարզային ենթակայության դպրոցներում ջեռուցման ապահովման հարցի վերաբերյալ»: