Մեքսիկայի իշխանությունները մտադիր են առաջնորդվել այլ պետությունների ներքին գործերին չխառնվելու և ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքով։

Այս մասին հայտարարել է Մեքսիկայի նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը, գրում է ՏԱՍՍ-ը։

Մեքսիկան հրաժարվել է ստորագրել «Լիմայի խմբի»՝ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի նոր պաշտոնավորումը չճանաչելու մասին որոշումը:

«Մենք արդեն շատ պարզ ասել ենք, որ առաջնորդվելու ենք արտաքին քաղաքականության բնագավառում այլ ժողովուրդների հարցերին չմիջամտելու և դրանց ազատ ինքնորոշման իրավունքի սահմանադրական սկզբունքներով»,- ասել է Մեքսիկայի նախագահը՝ հավելելով, որ իր երկիրը կողմ է «հակամարտությունների խաղաղ կարգավորմանը և հանուն զարգացման համագործակցությանը»:

Վենեսուելան վերջին տարիներին սոցիալ-տնտեսական խորը ճգնաժամ է ապրում, որն ուղեկցվում է ազգային արժույթի արժեզրկմամբ: Խորհրդարանի ֆինանսների գծով հանձնաժողովի տվյալներով՝ 2018թ-ի հունվարից մինչև նոյեմբեր ընկած ժամանակահատվածում գնաճը 702 000% է կազմել, իսկ ՄԱԿ-ի Փախստականների հարցով գերագույն հանձնակատարի գրասենյակի տվյալների համաձայն՝ երկիրը լքել է ավելի քան 3 մլն մարդ:

Հիշեցնենք, որ հունվարի 4-ին «Լիմայի խումբը», որի անդամ են հյուսիսամերիկյան և հարավամերիկյան 12 երկրներ, որոշում է կայացրել Վենեսուելայի նորընտիր նախագահի պաշտոնում Մադուրոյի իշխանությոնը չճանաչելու վերաբերյալ: