Կիրակի օրը Իսրայելում ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը հայտարարել է․

«Միացյալ Նահանգները Սիրիայից զորքը դուրս կբերի այն ժամանակ, երբ տարածաշրջանում ամերիկացիների դաշնակից քրդերի անձեռնմխելիության երաշխիք ստանա Թուրքիայից»:

Բոլթոնն ընդգծել է նաև, որ Թուրքիայի ցանկացած ռազմական գործողություն Սիրիայի տարածքում պետք է համաձայնեցվի Վաշինգտոնի հետ:

Տարեվերջին Սպիտակ տան ղեկավարը հայտարարել էր, թե «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը տապալված է, և ժամանակն է, որ շուրջ 2 հազար ամերիկացի զինվորները Սիրիայից տուն վերադառնան:

Դոնալդ Թրամփի անակնկալ որոշումը քննադատությունների ալիք բարձրացրեց ինչպես ընդդիմախոսների, այնպես էլ թիմակիցների շրջանում, ովքեր ԱՄՆ-ի նախագահին մեղադրում էին Սիրիայի քրդերին լքելու մեջ, որոնք տարիներ շարունակ աջակցել են միջազգային կոալիցիային ահաբեկչության դեմ պայքարում և այժմ մնացել են միայնակ՝ Թուրքիայի սպառնալիքների թիրախում:

Անկարան պնդում է, որ քրդերի ներկայությունն այդ տարածաշրջանում սպառնալիք է իր անվտանգությանը: