ՄԻԵԴ-ը հարցեր է առաջադրել ՀՀ իշխանություններին՝ պահանջելով անհապաղ տեղեկացնել, թե որոնք են Սամվել Մայրապետյանի անձնագիրը ՀՔԾ-ի կողմից պահելու հիմքերը: Այդ մասին ասվում է Սամվել Մայրապետյանի փաստաբանական խմբի հայտարարության մեջ:

Նշենք, որ հունվարի 2-ին Սամվել Մայրապետյանի փաստաբանները դիմել էին Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)՝ խնդրելով որպես միջանկյալ միջոց պահանջել ՀՀ իշխանություններից վերադարձնել Սամվել Մայրապետյանի անձնագիրը, ինչպես նաև հնարավորություն տալ նրան մեկնել ՀՀ-ից՝ Գերմանիայում անհետաձգելի բուժում ստանալու նպատակով, քանի որ նրա կյանքը և առողջությունը վտանգված են:

«Հունվարի 3-ին, այսինքն ընդամենը մեկ օրվա ընթացքում, ՄԻԵԴ-ը կայացրել է միջանկյալ միջոց կիրառելու մասին որոշում և հարցեր է առաջադրել ՀՀ կառավարությանը՝ պահանջելով անհապաղ տեղեկացնել, թե որո՞նք են Սամվել Մայրապետյանի անձնագիրը ՀՔԾ-ի կողմից պահելու փաստական և իրավական հիմքերը, և թե արդյո՞ք, ելնելով Սամվել Մայրապետյանի առողջական ներկա վիճակից, հնարավոր է կազմակերպել նրա բուժումը ՀՀ-ում։ Ավելորդ ենք համարում նշել, որ եվրոպական դատարանի կողմից նման որոշման կայացման համար որոշիչ գործոն է հանդիսացել ծանրակշիռ բժշկական ապացույցների առկայությունն առ այն, որ ՀՀ-ում հնարավոր չէ իրականացնել Սամվել Մայրապետյանի բուժումը։

Առնվազն զարմանալ կարելի է այն փաստից, որ միջազգային ատյանը պատրաստ է մեկ օրվա ընթացքում կայացնել որոշում կյանքին և առողջությանը սպառնացող վտանգի մեջ գտնվող քաղաքացու առնչությամբ, իսկ հայրենի պետական մարմինը, որը կոչված է առաջինը պաշտպանելու իր քաղաքացու կյանքը և առողջությունը կամ առնվազն չխանգարելու իրացնել իր այդ իրավունքը, նախընտրում է ոչ միայն անտեսել վտանգի մեջ գտնվող քաղաքացու դիմումները, այլ նաև չկատարել օրենքով սահմանված իր պարտականությունը», ասվում է հայտարարության մեջ։