Հնդկաստանում 200 միլիոն քաղաքացի մասնակցում է այսօր՝ հունվարի 8-ի առավոտյան սկսված համազգային գործադուլին: Ինչպես հաղորդում է NDTV հեռուստաալիքը՝ այն կտևի 2 օր:

Հեռուստաալիքը հայտնում է, որ բողոքի ակցիայի նախաձեռնողները տեղական արհմիությունների և ձախակողմյան շարժումների առաջնորդներն են: Գործադուլի մասնակիցները մի շարք պահանջներ են ներկայացնում՝ այդ թվում բարձրացնել նվազագույն աշխատավարձի և կենսաթոշակի շեմը:

Առանձին դեպքերում ցույցն ուղեկցվել է բռնությամբ և ոստիկանության հետ ընդհարումներով: Հարավային Կերալա նահանգում մարդիկ երկաթգծի ճանապարհներին նստացույցեր են արել, մի շարք մայրուղիներում երթևեկությունն արգելափակվել է:

Ըստ լրատվամիջոցների՝ ցույցերին արդեն միացել են արդյունաբերական, բանկային, ապահովագրական և տրանսպորտային ոլորտի աշխատակիցներ, ինչպես նաև ուսանողներ, ֆերմերներ և դաշնային լրատվամիջոցների ներկայացուցիչներ: