Թուրքմեն վարորդները շոկի մեջ են: Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները նրանցից վերցնում են մեքենան, եթե այն սպիտակ գույն չունի:

«Վեստ․ռու»-ի փոխանցմամբ, այդ քայլին որևէ բացատրություն չի տրվել: Այն հիշեցնում է, որ հունվարի 2-ից ուժի մեջ է մտել իրավական փաստաթուղթը, որով արգելվում է սև ավտոմեքենաների շահագործումը: Սակայն սևից բացի, ՃՈ աշխատակիցները քաղաքացիներից վերցնում են նաև այլ գույների՝ կարմիր, կապույտ, կանաչ մեքենաները: Վարորդները ոստիկանության գործողություններն անօրինական են համարում, չկա որևէ փաստաթուղթ, որը կհստակեցնի, թե ինչ գույն մեքենա կարելի է վարել, որը՝ ոչ:

Մեքենաների սեփականատերերին պարտադրում են կամ սպիտակ ներկել մեքենան, կամ էլ չշահագործել: Դրա հետևանքով երկրում կրկնակի թանկացել են մեքենա ներկելու ծառայությունները:

Միաժամանակ Թուրքմենստանում կանանց արգելել են նստել ղեկին: Նրանց համար գործնականում անհնար է դարձել ավտոդպրոցներից վարորդական իրավունքի վկայական ձեռք բերելը: Թե ինչով են պայմանավորված արմատական նման փոփոխությունները, իշխանությունները չեն բացատրում: