ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի նախկին խորհրդական Արսեն Խառատյանը 7-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավորներին կոչ է անում ԱԺ առաջին նիստում՝ հունվարի 14-ին, համատեղ հայտարարությամբ հանդես գալ ի պաշտպանություն Թուրքիայի Մեջլիսի հայազգի պատգամավոր Կարո Փայլանի: Այդ մասին նրա գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում:

«Հունվարի 14-ին Ձեր իրավասությունները պաշտոնապես ստանձնելուց անմիջապես հետո, առաջարկում եմ համատեղ հայտարարությամբ հանդես գալ ի պաշտպանություն Թուրքիայի Մեջլիսի անդամ մեր հայրենակից Կարո Փայլանի: Ինչպես գիտեք, թուրքական պետությունը արդեն տևական ժամանակ է` Փայլանի դեմ բռնաճնշումներ է բանեցնում, իսկ այս պահին, նրա և իր մի շարք գործընկերների դեմ գործ է հարուցված այդ երկրում դեռևս գործող չարաբաստիկ 301-րդ հոդվածի հիմքերով: Հիշեցնեմ, որ հենց այս հոդվածով էր հետապնդվում ուղիղ 12 տարի առաջ Պօլսում սպանված Ակոսի խմբագիր Հրատ Դինքը»,- ասվում է գրառման մեջ:

Խառատյանը նշում է, որ խորհրդարանական համակարգի անցած բացառիկ լեգիտումությամբ այս Ազգային ժողովը հայտարարությամբ նաև պետք է ուղերձ հղի գործադիրին, իսկ մասնավորապես արտաքին գերատեսչությանը, աշխարհի տարբեր մայրաքաղաքներում և միջազգային կառույցներում մեր դիվանագիտական առաքելություններին հանձնարարել համակարգված աշխատանք տանել Թուրքիայում տեղի ունեցող գործընթացները դատապարտող հայտարարություններ, ելույթներ և բանաձևեր ընդունելու ուղղությամբ: Նշվում է նաև, որ խորհրդարանական դիվանագիտությունը առաջիկայում ունենալիք ամբիոնները կարող է օգտագործել խնդիրը բարձրաձայնելու համար, իսկ հայկական սփյուռքի քաղաքական կառույցները վստահաբար ակտիվորեն աջակցելու են գործընթացին:

«Հայտարարությունն առաջին հերթին Փայլանի և իր գործընկերների կյանքին սպառնացող վերահաս վտանգը ինչ-որ կերպ կանխելու նպատակ կունենա, սիմվոլիկ կլինի սակայն նաև նախադեպը, երբ ժողովրդի անվերապահ վստահությունը վայելող օրենսդիրն առաջին իսկ օրվանից ցույց կտա, որ կան հարցեր, որոնց պարագայում մենք անկախ ամեն ինչից միասնական ենք»,- ասվում է գրառման մեջ: