Հունվարի 14-ին կառավարության շենքի մոտ բողոքի ցույց կանցկացվի 1996-ին համակուրսեցու սպանության համար ցմահ դատապարտված Մհեր Ենոքյանին ներում շնորհելու դեմ: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՀՀ նախկին ոստիկանապետի խորհրդական Նարեկ Մալյանը։

Նշենք, որ ավելի վաղ համացանցում լուրեր էին շրջանառվել, որ ՀՀ ներման հանձնաժողովը՝ ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանի գլխավորությամբ, դրական եզրակացություն է տվել ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանին ներում շնորհելու խնդրագրին:

Ցույցի կազմակերպիչներն են 23 տարի առաջ սպանված 19-ամյա Իոսիֆ Աղաջանովի հարազատները, ինչպես նաև նրա հոր՝ ակադեմիկոս Միխայիլ Աղաջանովի գործընկեր բժիշկները: Ցույցը տեղի կունենա ժամոը 13:00-ին: Միևնույն ժամանակ Նարեկ Մալյանն իր էջում տեսանյութ է հրապարակել 1996թ-ին սպանվածի դին հայտնաբերելու և Մհեր Ենոքյանի և նրա հանցակցի հարցաքննության վերաբերյալ:

Ավելի վաղ սպանվածի ընտանիքը բաց նամակով դիմել է ՀՀ վարչապետին և նախագահին՝ Ենոքյանի ներման հնարավոր որոշումը վերանայելու վերաբերյալ, իսկ Երևանի բժշկական համալսարանի ռեկտորն ու մի խումբ բժիշկներ ստորագրահավաք են նախաձեռնել ներում շնորհելու դեմ: