2017 թվականին մարզերում անցկացվել է 39 արշավախումբ, այդ թվում՝ այլ երկրների գիտական կենտրոնների հետ 16 համատեղ: Այս մասին հունվարի 12-ին կայացած մամուլի ասուլիսում հայտնեց Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը:

Որպես կատարված աշխատանքի աչքի զարնող արդյունք Ավետիսյանը նշեց Արմավիրի մարզի Լեռնագոգ 1 հուշարձանը: Շրջանում առաջին անգամ գրանցվել են մ.թ.ա. 8-7-րդ հազարամյակի իջևանատեղիի շերտեր: Մինչև հիմա Հայաստանում հայտնաբերված ամենահին շերտերը թվագրվել են մ.թ.ա. 6-րդ հազարամյակի առաջին քառորդով (Ակնաշեն, Մասիս): Գտնված հուշարձանը մի ամբողջ հազարամյակով հին է, և 2018-ին այստեղ ակտիվ պեղումները կշարունակվեն: Նշենք, որ աշխատանքները կատարվել են ճապոնացի մասնագետների հետ համագործակցությամբ:

Հաշվետու ժամանակաշրջանում Արագածի շրջանում ֆրանսիացի գործընկերների հետ ուսումնասիրվել են նոր հուշարձաններ (Արտենի), որոնք ձևով անիվ են հիշեցնում: Պեղումներ են սկսվել պարզելու համար դրանց գործառնական նշանակությունը: «Հարկ է, որ Մշակույթի նախարարությունը դրանք պահպանության ներքո վերցնի, քանի որ դեռևս կարող են ոչնչացվել ցանկացած տրակտորիստի կողմից: Աշխատանքի համար մեծ միջոցներ են ծախսվել, և հիմա պետությունը միայն պետք է դրանք պահպանի»,- նշեց Ավետիսյանը:

Հետազոտության առարկա է եղել Քուռ-Արաքսյան և Ուրուկյան (շումերական) մշակույթների փոխկապն ու փոխազդեցությունը: Անցյալ տարի նաև սկսվել են հուշարձանների «փրկարարական» պեղումներ, որոնք կարող էին մնալ «Հյուսիս-Հարավ» մայրուղու տակ (դամբարաններ Մաստարա գյուղում, կենդանիների թակարդներ և թաղման վայրեր): Պեղումները կատարվել են մինչև դեկտեմբերի 10-ը: «Կարելի է ասել, որ Թալինից մինչև Լանջիկ հատվածում ոչ մի հուշարձան չկա, որը կմնար ճանապարհի տակ: Շատ լավ արդյունքներ են»,- նշեց Ավետիսյանը:

2018 թվականին նշված ուղղություններով աշխատանքները կշարունակվեն: Ծրագրվում են ամառային դպրոցներ, մասնավորապես՝ Լոս Անջելեսի համալսարանի հետ համագործակցությամբ ամառային դպրոց Մասիսում: