Մոսկվայի Լեֆորտովոյի դատարանը մինչև 2019թ-ի ապրիլի 24-ը երկարաձգել է ուկրաինացի 20 նավաստիների կալանքի ժամկետը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Հիշեցնենք, որ նրանք մեղադրվում են 2018թ-ի նոյեմբերի 25-ին Կերչի նեղուցում «ռուսական ջրային սահմանն ապօրինի հատելու մեջ»:

Աղբյուրի փոխանցմամբ` մյուս չորս մեղադրյալի գործով քննությունը տեղի կունենա այսօր:

Դատական նիստին մասնակցելու նպատակով Մոսկվա են եկել ձերբակալված ուկրաինացի նավաստիների հարազատները, ինչպես նաև Ուկրաինայի Վերին Ռադայի մարդու իրավունքների հանձնակատար Լյուդմիլա Դենիսովան: Սակայն ռուսական անվտանգության ծառայության որոշմամբ` նիստը դռնփակ է անցկացվել:

Լյուդմիլա Դենիսովան, պատասխանելով լրագրողների հարցերին, նշել է, որ ուկրաինացի նավաստիների, ինչպես նաև հարազատների վրա ճնշում է գործադրվում` նրանցից ցուցմունքներ կորզելու նպատակով: Սակայն, ըստ հանձնակատարի, նրանք, հավատարիմ մնալով ռազմագերիների մասին Ժնևյան կոնվենցիային, պայմանավորվել են միմյանց հետ որևէ ցուցմունք չտալ: