Հայաստանի վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևը:

Հայաստանի վարչապետի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ՝ Մեդվեդևը ՌԴ կառավարության և իր անունից շնորհավորել է Փաշինյանին, մաղթել քաջառողջություն և հաջողություններ պատասխանատու պետական գործունեության մեջ: Ռուսաստանի վարչապետը համոզմունք է հայտնել, որ միջկառավարական մակարդակով ռուս-հայկական փոխգործակցության ակտիվացումը կնպաստի առևտրատնտեսական, էներգետիկայի, տրանսպորտի, ենթակառուցվածքների և մշակութային-հումանիտար ոլորտներում համագործակցության ամրապնդմանը, բարենպաստ պայմաններ կստեղծի հեռանկարային նախաձեռնությունների իրականացման համար, ինչպես նաև կխթանի ԵԱՏՄ շրջանակում ինտեգրացիոն ներուժի լիարժեք բացահայտումը:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի վարչապետին շնորհավորական հեռագիր է հղել հունվարի 14-ին՝ նրա նշանակման օրը:

Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն:

Սինձո Աբեն, մասնավորապես, ընդգծել է, որ Հայաստանը Ճապոնիայի հուսալի գործընկերն է, որը կիսում է այնպիսի հիմնարար արժեքներ, ինչպիսին են ազատությունը, ժողովրդավարությունը, մարդու իրավունքները, օրենքի գերակայությունը, և երկու երկրները սերտորեն համագործակցում են ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ միջազգային ասպարեզում:

«Վստահ եմ՝ Ձեր ղեկավարությամբ մեր երկրների հարաբերությունները հետագա ընդլայնման և զարգացման մեծ ներուժ ունեն: Հույս ունեմ, որ Ճապոնիայի և Հայաստանի, ինչպես նաև մեր ժողովուրդների միջև կապերը կշարունակեն խորանալ և ամրապնդվել: Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ՝ ի շահ Հայաստանի հետագա բարգավաճման», - պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ ասված է Ճապոնիայի վարչապետի ուղերձում: