Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն մեղադրվում է նախագահական ընտրություններին ընդառաջ ընտրակաշառք բաժանելու մեջ: Այդ մասին Facebook-ում գրել է լրագրող Ալեքսանդր Դուբինսկին:

Ըստ նրա` այդ գործընթացն իրականացվում է Ուկրաինայի գյուղերում և փոքր քաղաքներում` տեղի պաշտոնյաների օգնությամբ: Բնակիչներին խոստանում են հազար գրիվեն` ընտրողին կողմնորոշելու համար: Լրագրողը նշել է, որ մարդկանց հանձնարարված է շրջել տնետուն, գրանցել բոլոր ընտրողների անձնագրային տվյալները և համոզել նրանց քվեարկել Պորոշենկոյի օգտին:

Փողերը ստանալու համար նրանք պետք է հարցաշար լրացնեն` ստանձնելով անձնական պատասխանատվություն: Դուբինսկու կարծիքով, այդ փաստաթուղթը շատերն ընդունում են որպես պարտավորություն` քվեարկելու Ուկրաինայի գործող նախագահի օգտին: