Հայկական բարեգործական ընդհանուր միության (AGBU) ցուցասրահում նախօրեին բացվել է «Ելնում է մի նոր Երևան» խորագրով ցուցահանդեսը: Մշակույթի նախարարության հաղորդմամբ, ցուցահանդեսում ներկայացված են Երևան քաղաքի պաստառային արվեստի պատմությունը՝ մայրաքաղաքին և դրա կյանքին նվիրված պաստառներով:

«Ելնում է մի նոր Երևան» խորագրով ցուցահանդեսն իրականացվում է Երևանի հիմնադրման 2800-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում: Այն նպատակ ունի ցուցադրելու Երևանի քաղաքային մշակույթի զարգացումը պաստառային արվեստի միջոցով՝ նախախորհրդային շրջանից մինչ մեր օրեր. երևանյան պաստառային արվեստն արձանագրել է մայրաքաղաքի մշակութային կյանքը, սոցիալական և քաղաքացիական կրթության կարևոր բաղադրիչ է եղել, բարձրաձայնել է Երևանի խնդիրներն ու փորձել դրանց լուծումներ առաջարկել:

«Ելնում է մի նոր Երևան» խորագրով ցուցահանդեսը կգործի մինչև փետրվարի 15-ը:

Ցուցահանդեսն անցկացվում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, «Մշակույթն ու արվեստը հանուն խաղաղության» կրթադաստիարակչական ՀԿ-ի նախաձեռնությամբ։