Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին Հայաստանի վարչապետ նշանակվելու կապակցությամբ:

Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ ուղերձում մասնավորապես նշված է.

«Շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ` 2018թ. դեկտեմբերի 9-ի խորհրդարանական ընտրություններում Ձեր հաղթանակի արդյունքներով։ Նոր խորհրդարանի կազմավորմամբ անցած տարի սկսված քաղաքական անցումը հասավ իր ավարտին՝ խաղաղ պայմաններում և սահմանադրական նորմերին համապատասխան։ Դեկտեմբերի 9-ի ընտրությունների իրականացումն ու արդյունքները վկայում են հայ ժողովրդի ձգտումը ժողովրդավարության և բարգավաճման:

Եվրոպայի խորհուրդը կաշխատի նոր կառավարության հետ այս նպատակներին հասնելու համար։ Ես վստահ եմ, որ ժողովրդավարական ինստիտուտներին և իրավունքի գերիշխանությանը շարունակական հանձնառությունը, որ երկիրը ցույց է տվել վերջին տարիներին, կշարունակվի՝ ի բարօրություն Հայաստանի քաղաքացիների», - Փաշինյանին գրել է Յագլանդը: