Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում հունվարի 17-ին սգո օր է հայտարարված։ Վրացական լրատվամիջոցների փոխանցմամբ, նման որոշում է կայացրել վարչապետ Մամուկա Բախտաձեն։

Հիշեցնենք, որ Թբիլիսիում երեկ ինը հարկանի շենքի վեցերորդ հարկի բնակարաններից մեկում պայթյուն էր տեղի ունեցել, ինչի հետևանքով զոհվել է չորս մարդ։ Զոհվածներից մեկը չորս տարեկան երեխա է։ Նրա երկվորյակ քույրը հիվանդանոցում է, մայրը զոհվել է։ Հիվանդանոցում շարունակում է մնալ 8 մարդ, նրանցից վեցը երեխաներ են։

Նշենք, որ շենքը, որտեղ տեղի է ունեցել պայթյունը, շահագործման է հանձվել 2018-ի դեկտեմբերին։ Թբիլիսիի փոխքաղաքապետը հայտարարել է, որ տուժած բոլոր բնակիչներին օգնություն կցուցաբերվի, որևէ մեկն առանց տանիք չի մնա։

Շենքի բնակիչները նշել են, որ օրվա ընթացքում գազի հոտ են զգացել։ Գազի ծառայություն մատուցող ընկերության աշխատակիցները ստուգումների արդյունքում արտահոսքի աղբյուր չեն գտել։

Հարուցվել է քրեական գործ՝ անվտանգության կանոնները խախտելը, որը պատճառ է դարձել երկու և ավելի մարդկանց մահվան։ Մեղավորներին սպառնում է 6-10 տարվա ազատազրկում։