«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի նախագահի ընտրության հարցի քննարկման ժամանակ քննադատեց իշխանություններին երկրում տիրող մարդու իրավունքների ոտնահարման դեպքերի համար:

«Ուզում եմ ելույթս անվանել «Մարդու իրավունքները՝ հետհեղափոխական Հայաստանում». երկրում մի իրավիճակ է, որ բոլորը հպարտ են ու ուրախ, որ երկրում հեղափոխություն է եղել, այդ թվում՝ ես, բայց մարդու իրավունքների հարցում խնդիրներ ունենք, և ոնց որ թե, խոսողներ չկան, և այն մարմիններն ու ինստիտուտները, որոնք կոչված են, որ խոսեն, վախեցած են ֆեյսբուքյան կամ այլ ձևաչափերով իրենց վրա ուղղված հարձակումներից: Ուզում եմ հստակ ասել՝ չենք լռել, չենք էլ լռելու, բոլորս պետք է իմանանք, որ Հայաստանում մարդու իրավունքները այնքան էլ լավ չէ»,- ասաց Էդմոն Մարուքյանը:

Պատգամավորը պնդեց՝ որևէ բան չի կարող արդարացնել մարդու իրավունքների ոտնահարումը:

«Ես ինքս կյանքիցս 10 տարի նվիրել եմ մարդու իրավունքների պաշտպանությանը, և ես շատ անհանգիստ եմ այս վիճակով, էնտեղ փաստաբանն ուզում է պաշտպանյալի նիստին մասնակցի, բայց բողոքի ցույց է, մասնագիտական գործողությունները խոչընդոտվում են, ոստիկանները նայում են, սպասում են մի հատ էլ թքեն, որ ասեն լավ քիչ թքեք, արդարադատության նախարարությունը ոչ մի ձայն չի հանում դեպքի վերաբերյալ, ԼՀԿ-ն հայտարարությամբ է հանդես գալիս՝ քրեական օրենսգրքի վերաբերյալ, հայտարարությունից հետո երեք օր անց նույն նախագիծը շրջանառության մեջ է դրվում, սա ինչ գրագողություն է»,- ասաց պատգամավորը:

Ընդդիմադիր պատգամավորը «շնորհավորեց» իշխանություններին ՄԻԵԴ-ում կոմունիկացված առաջին գործի կապակցությամբ.

«ՄիԵԴ-ում ձեր դեմ գործ կա՝ փնթի արված նախաքննության մասով. տպավորություն կա, որ գաղտնալսման դեպքն անցավ գնաց: Ուրեմն իմացեք՝ չի մարսվել, մեր պետությունը չի մարսել, դրա ձայնը դեռ կլսեք եվրոպական դատարաններից»,- ասաց նա:

Մարուքյանը հիշեցրեց, որ ՀՔԾ պետի և ԱԱԾ տնօրենի գաղտնալսման դեպքի առթիվ քրեական գործ է հարուցված, սակայն կարծես թե «ձեն-ձուն չկա, և որևէ մեկի մոտ հարցեր չեն առաջացել այս ընթացքում»:

«Հասել ենք նրանք, որ դատավորները խուսափեն քրեական գործեր քննելուց, գործադիր իշխանությունը պետք է հստակ ձևակերպում տա, որ դատարանները պետք է լինեն անկախ, փաստաբանները՝ պաշտպանված, դրանք կոկրետ գործողությունների տեսքով պետք է լինեն: Էդ որ շատ ուրախացել ենք, որ նախկին իշխանությունների ներկայացուցիչների դեմ գործեր կան հարուցված, կարո՞ղ է էնքան անենք, փաստաբանները հրաժարվեն պաշտպանել, ու մարդիկ գործերը չսկած կրեն եվրոպական դատարաններում»,- մանրամասնեց Մարուքյանը:

Պատգամավորի համար զարմանալի էր նաև այն, որ նույնիսկ հեղափոխությանն աջակցած թերթի խմբագիրն է այժմ բողոքում իշխանություններից, և մեդիա կազմակերպություններ, ՀԿ սեկտորի ներկայացուցիչներ որևէ կերպ չեն արձագանքում:

«Մարտի մեկի ժամանակ ՔԿՀ-ներ եմ այցելել այսօրվա իշխանությունների բազմաթիվ ներկայացուցիչների, բայց այսօր մի իրավիճակում ենք, որ տեսնում եմ նույն պրակտիկան է նույն նախաքննական մարմնի կողմից, էն ժամանակ, որ արգելքներ կային տեսակցությունների հետ կապված, հիմա էլ կան, ես ու Նիկոլը գնացել էինք Ժիրայր Սեֆիլյանին տեսնելու, նույն հիմնավորմամբ, որ մեզ չթույլատրեցին, նույն հիմնավորմամբ այսօր մարդիկ չեն կարողանում մտնել ՔԿՀ-ներ»,- ասաց նա:

Մարուքյանը, դիմելով իշխանություններին, հստակեցրեց՝ մարդու իրավունքների հետ կապված ոչնչի առջև կանգ չի առնելու՝ անկախ նրանից, թե ով կնեղսրտի:

«Երբ տեղեկացա, որ Սամվել Մայրապետյանի գործն այդքան արագ կոմունիկացվել է ՄԻԵԴ, ապշած եմ ուղղակի, գործեր ունեմ հինգ տարի է դեռ չեն սկսել նամակագրությունն ինձ հետ, երբ ամիսների ընթացքում գործ են կոմունիկացնում, ամեն ինչ պետք է տրամաբանություն ունենա, ուռա-ուռա ասելով` գնալու ենք խայտառակ լինենք»,- ասաց նա:

Ելույթի վերջում Մարուքյանը կոչ արեց բոլոր այն քաղաքացիների, փաստաբաններին, իրավական ոլորտի ներկայացուցիչներին, որոնց սահմանադրական իրավունքները ոտնահարվել են, դիմել ԼՀԿ: