Կառավարությունն այսօրվա՝ հունվարի 17-ի նիստում հաստատեց «Ջրախնայող տեխնոլոգիաների ներդրման հայեցակարգը»։

Որոշման նախագիծը ներկայացրեց ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Իրինա Ղափլանյանը՝ նշելով, որ հայեցակարգը համապատասխան օրենսդրական հենք կստեղծի ջրային ռեսուրսների բնագավառում ջրախնայող արդիական տեխնոլոգիաների ներդրման համար:

«Այսօր շրջակա միջավայրի պահպանության հարցերն առանձնակի հրատապ են: Մարդն անխնա սպառում է բնական պաշարները, որի հետևանքով նվազում են օգտակար հանածոները, աղտոտվում է բնական միջավայրը: Կլիմայի գլոբալ փոփոխությունը մարդկության առջև ծառացած խոշոր մարտահրավերներից է:

Հայաստանը, որպես լեռնային, դեպի ծով ելք չունեցող երկիր, բնորոշվում է խոցելի էկոհամակարգերով, կլիմայի չորությամբ, ակտիվ արտածին ու անապատացման գործընթացներով և հաճախակի նկատվող տարերային աղետներով, որոնք երկիրն առավել զգայուն են դարձնում կլիմայի փոփոխության ազդեցությունների նկատմամբ: Այս ֆոնի վրա առավել խոցելի են ջրային ռեսուրսները»,- ասաց նա:

Ղափլանյանի խոսքով, հաշվի առնելով Հայաստանում ջրային ռեսուրսների վրա կլիմայի փոփոխության ազդեցությունը, առավել հրատապ է դարձել ջրային ռեսուրսներիարդյունավետ կառավարումը, ինչպես նաև մակերևութային և ստորերկրյա ջրային ռեսուրսների պահպանումն աղտոտումից: Ստեղծված իրավիճակում ջրային ռեսուրսների պահպանման և արդյունավետ օգտագործման գործում առավել կարևորվել է պետության դերը: Այն ընդգրկում է ջրային ոլորտի քաղաքականության մշակում, այդ թվում, ջրախնայող տեխնոլոգիաների արդյունավետ համակարգերի ներդրման խթանում՝ հաշվի առնելով նորագույն տեխնոլոգիաների ներդրման ոլորտում առկա միջազգային փորձը։

Մշակվել է նաև հայեցակարգից բխող միջոցառումների ծրագիր, որում ներառված միջոցառումների մեծ մասի համար արդեն իսկ իրականացվել են պիլոտային ծրագրեր։ Միջոցառումների ծրագիրը մշակվել է հաշվի առնելով արձանագրված արդյունքների հիման վրա տեխնոլոգիայի ներդրման նպատակահարմարությունը, ներդրումների շահավետությունը, տեխնիկական և ֆինանսական հնարավորությունները:

Այս նախագծով ներկայացվում են ջրախնայող տեխնոլոգիաների ներդրման անհրաժեշտությունը և ուղղությունները, նպատակներն ու խնդիրները, առաջրկվող լուծումներն ու առավելությունները, ինչպես նաև նպատակների իրականացմանն ուղղված միջոցառումները:

Ըստ որոշման նախագծի՝ հայեցակարգը հիմք կհանդիսանա նաև տարիներ շարունակ ոչ ռացիոնալ, ավանդական ջրօգտագործումից ժառանգած և ընթացիկ գործունեության արդյունքում հյուծված ջրային ռեսուրսների վերականգնման համար՝ ապահովելով շրջակա միջավայրի պահպանության հետագա կայուն զարգացումը, բնական ռեսուրսների վերականգնման և ողջամիտ օգտագործման պահանջները, մարդկանց առողջության վրա վնասակար ազդեցության նվազեցումը: