Վերաքննիչ դատարանում քննվում է Մարտի 1-ի գործով անցնող նախկին փոխվարչապետ, նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գևորգյանին կալանավորելու միջնորդությունը մերժելու դեմ գլխավոր դատախազության վերաքննիչ բողոքը:

Նախքան դատական նիստի մեկնարկը` Արմեն Գևորգյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ նախորդ ասածներին ավելացնելու ոչինչ չունի, իսկ անհրաժեշտ տեղեկություններն իր պաշտպանները կհայտնեն: Արձագանքելով 2008թ-ին գաղտնի շտաբի անդամ լինելու վերաբերյալ հարցերին՝ նա ասել է, որ այդպիսի կառույցի մասին տեղեկություն չունի, հայտնում է Yerkir.am-ը:

Անդրադառնալով այն հարցին, թե մամուլում տեղեկություններ եղան, որ 2008թ-ի մարտի 1-ի դեպքերի ժամանակ նա գաղտնի շտաբի անդամ է եղել, որտեղ որոշումներն են կայացվել և արդյո՞ք դա համապատասխանում է իրականությանը՝ Արմեն Գևորգյանը պատասխանել է.

«Ես մամուլի հրապարակումները չմեկնաբանելու սովորություն ունեմ: Ով հրապարակել է, նրանից էլ հարցրեք»:

Շտաբի անդամ լինելու վերաբերյալ կրկին հնչած հարցին Գևորգյանն արձագանքել է.

«Ես նմանատիպ կառույցի մասին տեղեկություն չունեմ»:

Գևորգյանն ընդգծել է՝ գործը քննվում է դատարանում և երբ ավարտվի, բոլոր անհրաժեշտ պարզաբանումներն ու տեղեկություններն իր փաստաբանները կհայտնեն:

«Այս պահի դրությամբ իմ նախորդ ասածներին որևէ բան չունեմ ավելացնելու կամ դրանցից պակասեցնելու»,- ասել է նա: