ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Կարապետյանը հայտարարել է, որ շատ կարճ ժամանակում ՀՀ բանակը կունենա սպառազինություն «արտադրված է Հայաստանում» մակնշմամբ:

«Իմ կյանքի վերջին 18 տարին կապված են այս ոլորտի (ռազմարդյունաբերության-խմբ.) հետ՝ 10 տարուց ավելի ղեկավարել եմ ոլորտային ձեռնարկություն, ներկայացրել ենք ծրագրեր, բայց դրանք ստացել են մերժումներ նախորդ իշխանությունների կողմից»,- ասել է Կարապետյանը՝ հավելելով, որ երկրում մինչև այժմ ընդունվել են օրենքներ, որոնք խրախուսել են ոչ թե երկրում սպառազինության արտադրությունը, այլ ներկրումը:

Պատգամավորն ասել է նաև, որ ռազմարդյունաբերության հեղափոխություն է սկսվել երկրում: Նա նշել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարումից ընդամենը մեկ ամիս անց երկրում նախաձեռնված է ռազմարդյունաբերական ուղղվածություն ունեցող գործարանի կառուցում:

«Վերջին տասն ամսում վեց նոր մատակարարների հետ կնքվել է պայմանագիր, և այդ ընկերությունները մատակարարում են սպառազինություն, որի մասին, ցավոք սրտի, չեմ կարող բարձրաձայնել»,- հայտարարել է պատգամավորը:

Անդրադառնալով նախկին իշխանության ներկայացուցիչների թերահավատ հայտարարություններին, թե սպառազինության ոլորտում նոր գործադիրը ոչինչ չի անում՝ Կարապետյանն ասել է, որ իրենք անում են այն, ինչին նախկին իշխանությունները փորձում էին խանգարել: