«Վարորդի ընկեր» հասարակական կազմակերպությունը վարորդներին կոչ է անում «կարմիր գծերում» կայանելու դեպքում փակել մեքենաների համարանիշերը: Եթե խնդիրներ կլինեն, կազմակերպությունն անվճար կօգնի և կպաշտպանի ձեր շահերը:

«Մեր բողոքարկումների 98 տոկոսը մենք շահում ենք: Այսինքն՝ այստեղ իրավունքի փիլիսոփայության տեսանկյունից լուրջ խնդիր կա, թե ինչի համար են ընդհանրապես գործում «կարմիր գծերը»: Այսինքն, եթե կա մի սահմանափակում, և կա որևիցե վճար, որը գանձվում է ոչնչի համար, բնականաբար, հարցեր են առաջանում, թե ինչու է այդպես»,- այսօր կայացած մամուլի ասուլիսին հայտարարեց «Վարորդի ընկեր» ՀԿ համահիմնադիր Սերգեյ Ղահրամանյանը:

Ըստ նրա՝ համայնքային կայանատեղին ընդամենը դարձրել են վճարովի, բայց շատ դեպքերում տարեկան վճարումը կատարած վարորդները չեն կարողանում կայանման տեղ գտնել, իսկ մեքենաների անվտանգությունը, ինչպես խոստանում էին «կարմիր գծերի» ներդրման ժամանակ, չի ապահովվում:

«Համար փակելը միմիայն այն դեպքում, երբ թույլատրելի հատվածում է կայանում մեքենան: Դա նաև ճանապարհային երթևեկության կանոններով որևիցե տուգանք չի նախատեսում, երբ թույլատրելի հատվածում մեքենան կայանվում է:

Այսինքն՝ վարորդն այդ տեսանկյունից որևէ խախտում չի իրականացնում: «Կարմիր գիծը» թույլատրելի է և երթևեկության համար խոչընդոտ չի հանդիսանում»,- նշեց Սերգեյ Ղահրամանյանը:

Քաղաքային նոր իշխանությունների փոփոխությունից հետո մշտապես խոսվում էր «կարմիր գծերի» փոփոխության մասին: «Վարորդի ընկեր» ՀԿ ներկայացուցիչները նաև Երևանի ավագանու անդամների հետ տարբեր քննարկումներ են ունեցել հարցի վերաբերյալ, բայց դա որևէ արդյունք չի տվել:

«Մեզ ներկայացնում էին, որ ցանկություն ունեն ինչ-որ փոփոխություններ անել «կարմիր գծերի» մասով, բայց 1 ամսից ավելի է՝ որևիցե լուր չկա: Նախորդ տարվա նոյեմբերին խոսվում էր, որ այս տարվա սկզբից «կարմիր գծերը» կթողնեն միայն Կենտրոն վարչական շրջանի փողոցներում և Արաբկիրի երկու փողոցում՝ Կոմիտասի և Քոչարի, բայց տարին անցավ, և որևիցե քայլ չձեռնարկվեց: Դա պատճառ դարձավ, որ նման հայտարարություն արվի մեր կողմից»,- ասաց ՀԿ համահիմնադիրը: