Հունվարի 20-ին Աթենքում բողոքի զանգվածային ակցիա կանցկացվի ընդդեմ Մակեդոնիայի Հանրապետության վերանվանման մասին կնքված համաձայնագրի:

Այդ առնչությամբ Հունաստանի մայրաքաղաքում ուժեղացվել են անվտանգության միջոցառումները, սահմանափակվել է տրանսպորտի տեղաշարժը: Իրավապահները մտավախություն ունեն, որ կարող են տեղի ունենալ սադրանքներ ու բախումներ:

Հիշեցնենք, որ 2018թ-ի հունիսի 17-ին Աթենքն ու Սկոպյեն՝ Մակեդոնիայի Հանրապետությունը Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետության անվանափոխելու վերաբերյալ համաձայնագիր են ստորագրել: Սակայն հույների մի մասը կարծում է, որ մակեդոնացիներ կարող են կոչվել միայն երկրի հյուսիսային հատվածի պատմական շրջանի բնակիչները, այլ ոչ թե հարևան պետության քաղաքացիները:

Հատկանշական է, որ համաձայնագրին դեմ է նաև Մակեդոնիայի բնակչության մի մասը, որի կարծիքով՝ փաստաթուղթը ոտնահարում է ժողովրդի ազգային ինքնությունը: