Ֆիլիպիններում 9 հազար մարդ են տարհանել հրաբխի ժայթքման սպառնալիքի պատճառով
Ֆիլիպիններում ավելի քան ինը հազար մարդ է հարկադրված եղել հեռանալ Մայոն հրաբխի մերձակա տարածքից ժայթքման սպառնալիքի պատճառով:
Ֆիլիպինների Հրաբխագիտության և սեյսմոլոգիայի ինստիտուտը հրաբխի ժայթքման սպառնալիքի մակարդակը բարձրացրել է մինչև երեք՝ ըստ հինգբալանոց սանդղակի: Հունվարի 15-ի առավոտյան հրաբխից լավա է արտահոսել՝ լանջն ի վար հաղթահարելով շուրջ 500 մետր: Ինստիտուտի ղեկավար Ռենատո Սոլիդումը նշել է, որ նաև հրաբխային մոխրի արտանետում է արձանագրվել:
Մասնագետները նախազգուշացնում են, որ հրաբխի ուժգին ժայթքում կարող է տեղի ունենալ մի քանի շաբաթվա կամ նույնիսկ օրվա ընթացքում:
Հրաբուխը գտնվում է Ալբայի նահանգում՝ Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլայից 340 կիլոմտր հեռավորության վրա: Դրա առաջին ժայթքումն արձանագրվել է 1616 թվականին, իսկ ամենամահացուն՝ 1814 թվականին, այն ժամանակ զոհվել է 1,2 հազար մարդ: