Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին խոստովանել է, որ իր երկիրը կես տարի էլ չի դիմանա առանց ԱՄՆ-ի կողմից ցուցաբերվող աջակցության: Այս մասին փոխանցում է CBS հեռուստաալիքը, հեռարձակվել է հունվարի 14-ին։

Նախագահին հարցրել են, թե ինքը համաձայն է արդյոք այն պնդմանը, որ եթե ԱՄՆ-ն հեռանա հանրապետությունից, իր «կառավարությունը երեք օր հետո կկործանվի»: «Պաշարների տեսակետից դա բացարձակապես ճիշտ է: Մենք ի վիճակի չենք լինի վեց ամիս պահել մեր բանակն առանց ամերիկյան աջակցության և ներուժի»,- նշել է Ղանին:

ԱՄՆ-ն, հեռուստաալիքի տվյալներով՝ 90 տոկոսով ծածկում է Աֆղանստանի պաշտպանական բյուջեի ծախսերը, ինչն արտահայտվում է ավելի քան 4 միլիարդ դոլար գումարի ամենամյա ռազմական օգնությամբ: Եվս 30 միլիարդ դոլար է ծախսվել հանրապետության վերականգնման համար:

«Այդ երկրում գործում է 21 միջազգային ահաբեկչական խմբավորում: Ուղարկվում են տասնյակ մահապարտ-ահաբեկիչներ: Կան մի ամբողջ շարք «մահապարտների ֆաբրիկաներ»: Մենք պաշարման մեջ ենք»,- ասել է Ղանին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: