Ղրիմի հիվանդանոցները պատրաստվում են ընդունել Սև ծովում երկու նավի վրա բռնկված խոշոր հրդեհի հետևանքով տուժած 14 մարդու: Այդ մասին հայտարարել է Ղրիմի առողջապահության նախարարի տեղակալ Նիկոլայ Դերկաչը:

«Մենք կարող ենք 14 տուժածի ընդունել, դրա համար ամեն ինչ պատրաստ է` պատրաստ են բժիշկները, հիվանդանոցները, շտապօգնության մեքենաներն արդեն գտնվում են նավահանգստում», - ասել է փոխնախարարը` ՌԻԱ Նովոստիին:

Նրա խոսքով` ակնկալվում է, որ վիրավորներին կբերեն կեսգիշերին:

«Ղրիմ հասնելու համար կպահանջվի 1,5-2 ժամ», - ընդգծել է Դերկաչը:

Առողջապահության փոխնախարարը նշել է, որ փրկարարները տուժածներին կարող են տեղափոխել նաև Անապայի կամ Նովոռոսիյսկի հիվանդանոցներ:

Հիշեցնենք, որ Կերչի նեղուցում Տանզանիայի դրոշի տակ նավարկող «Կադնի» և «Մաեստրո» նավերի վրա հրդեհ էր բռնկվել: Նախնկանա տվյալներով` հրդեհի պատճառը եղել է նավից նավ վառելիքի փոխանցումը: Հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 11-ի: