Թուրք հայտնի մտավորական Այդըն Էնգինը նամակ է հղել պոլսահայ լրագրող և մտավորական, Ստամբուլի հայկական պարբերականներից «Ակօս»-ի հիմնադիր ու նախկին խմբագիր Հրանտ Դինքին:

2007թ-ի հունվարի 19-ին իր խմբագրատան դիմաց սպանված Դինքին նվիրված նամակը Էնգինը տպագրել է թուրքական T24 կայքում:

«Գիտե՞ս՝ ամեն տարի քեզ նամակ եմ գրում: Ես գիտեմ, որ դու բոլորին պատասխանում ես: Միայն թե ընթերցողները չգիտեն այդ մասին: Այս անգամ 12 տարվա մեջ առաջին անգամ քեզ պիտի ասեմ՝ «Պառկի՛ր պառկածդ տեղը, այստեղ շատ ավելի վատ, շատ ավելի ճնշող է», - գրել է թուրք մտավորականը:

Նամակում Էնգինն անդրադարձել է Թուրքիայի ներկայիս իշխանությունների՝ ժամանակին տված խոստումների ու երկրի ներկայիս վիճակի մասին: Մտավորականը նկատել է, որ ժողովրդավարական բարեփոխումների, Հայաստանի հետ հարաբերությունների բարելավման ու Դինքի սպանության գործը բացահայտելու խոստումներ տված իշխանություններն այսօր բոլորովին այլ քաղաքականություն են վարում:

«Ընկերներիդ, գործընկերներիդ մեծ մասի թերթերի սյունակները փակվել, թերթներն ու հեռուստաընկերությունները փակվել են:

Ծանոթներիդ մեծ մասը բանտում է: Գիտե՞ս՝ եթե դու հիմա մեզ հետ լինեիր, ամենայն հավանականությամբ, դու էլ բանտում կլինեիր: Բա որ ասում եմ՝ պառկի՛ր պառկածդ տեղում», - գրել է Էնգինը:

Հիշեցնենք, որ Հրանտ Դինքը սպանվել է 2007թ-ի հունվարի 19-ին՝ թուրք ազգայնական Օգյուն Սամասթի կրակոցից: Դինքի սպանության հետ կապված դատական գործը մնում է չհանգուցալուծված մինչ օրս: