Երեկ Ցյուրիխում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը` Շվեյցարիա-Հայաստան առևտրային պալատի ներկայացուցիչների և շվեյցարացի գործարարների հետ աշխատանքային ճաշի ժամանակ հայտարարել է․

«Այժմ Հայաստանը կանգնած է տնտեսական բարգավաճումն ու լճացումը բաժանող խաչմերուկում»։

Փաշինյանը նշել է, որ անցյալ գարնանը Հայաստանում տեղի ունեցած թավշյա ժողովրդական հեղափոխությունը հանգեցրեց Հայաստանում ժողովրդավարության հաղթանակին:

«Անցյալ դեկտեմբերին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններն էլ ավելի ամրապնդեցին ժողովրդավարական նվաճումները: Այս հիմնարար փոփոխություններն անդառնալի են, նրանք հիմնված են մեր ժողովրդի կամքի վրա և մեր հասարակության մեջ գերակշռող կոնսենսուսի վրա։

Այսօր մեր կառավարությունն աննախադեպ բարձր լեգիտիմություն և հանրային աջակցություն ունի: Այսպիսի բարձր հանրային վստահության հիման վրա Հայաստանի կառավարությունն ընդունել է հավակնոտ բարեփոխումների օրակարգ: Որպես արդյունք, Հայաստանում իրավիճակը, ըստ էության, տարբերվում է նրանից, որ մենք ունեինք հեղափոխությունից առաջ: Մասնավորապես, կոռուպցիայի մակարդակը կտրուկ նվազել է. մենք գրեթե մերժել ենք մենաշնորհները. շատ լուրջ միջոցներ են ձեռնարկվել անկախ դատական համակարգի ամրապնդման, իրավունքի գերակայության և բոլոր տնտեսական ու քաղաքական դերակատարների համար խաղի հավասար կանոնների ստեղծման համար»:

Փաշինյանի խոսքով՝ այսօր պետք է կատարեն մեկ այլ հեղափոխություն` տնտեսական հեղափոխություն՝ ժողովրդի վստահությունը և ակնկալիքներն արդարացնելու համար:

«ՀՆԱ-ի աճը վերջին տարիներին խոստումնալից էր. 2017թ-ին արձանագրված 7.5 տոկոս աճը պահպանվել է 2018թ-ի ընթացքում, իսկ կանխատեսումները գերազանցում են 5 տոկոսը: Հայաստանի արժույթի փոխարժեքը և գնաճը մնացին կայուն, դրանով իսկ ի ցույց դրվեց մեր տնտեսության կայունությունն արտաքին և ներքին ցնցումների նկատմամբ: 2017թ-ին ՀՆԱ-արտահանում հարաբերակցությունն անցավ 37 տոկոսի շեմը և 2018թ-ին շարունակվեց ռեկորդային ցուցանիշներով: Այնուամենայնիվ, խոստումնալից միտումները չեն կարող բավարար լինել, եթե ցանկանում ենք ապահովել Հայաստանի արժանապատիվ տեղը համաշխարհային տնտեսությունում», - ասել է Փաշինյանը:

Վարչապետը նշել է, որ ապագա աճի անկյունաքարը կլինի ներդրումային քաղաքականությունը՝ ուղղված արդյունավետ աշխատատեղերի ստեղծմանն ու մրցունակ արտահանմանը:

«Կառավարությունն ու ժողովուրդը միասնական են այս տեսլականի մեջ: Վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ հայ ժողովուրդը ցանկանում է ավելի շատ աշխատանք և ավելի քիչ կոռուպցիա: Արդյունքները կարելի է մեկնաբանել հետևյալ կերպ. Հայաստանի քաղաքացիներն այլևս չեն ցանկանում եկամուտների վերաբաշխում, նրանք հոգնել են արդեն: Հայերն ուզում են տեսնել մեր հայրենիքի տնտեսական աճն ու բարգավաճումը, վաստակելու և հարկ վճարելու իրենց ունակությունն ու հնարավորությունը: Եվ այստեղ ի հայտ է գալիս այն դերը, որ դուք պետք է խաղաք, քանի որ մարդկանց արդյունավետ աշխատելու հնարավորությունը կախված է ձեզնից: Այս գործընթացը հեշտացնելու համար Հայաստանի կառավարությունը որդեգրել է՝ բաց դռների քաղաքականություն օտարերկրյա ներդրողների նկատմամբ. մեր քաղաքականության նշանաբանն է՝ հարստանալ և հարստացնել, ներդրողների կամքի և կարիքների վրա հիմնված հարկային օրենսգիրք, արտահանման և արդյունաբերական արդիականացման աջակցության այնպիսի մեխանիզմներ, ինչպիսիք են հարկային ու մաքսային խթանները, քաղաքականություն, որը կապահովի բիզնեսի համար անաչառ և նվազ սահմանափակումներով կարգավորիչ միջավայր: Մենք ապահովել ենք, որ մեր երկրում գործող տնտեսական գործակալներին հասանելի լինեն աշխարհի շուկաները: (Հայաստանը Եվրասիական տնտեսական միության անդամ է և GSP-ի շահառու (մի շարք երկրների հետ, ներառյալ Շվեյցարիան) և GSP+ (ԵՄ-ի հետ), և, իհարկե, մենք երաշխավորում ենք կապիտալի ազատ տեղաշարժն ու սեփականության իրավունքի պաշտպանությունը (ներառյալ մտավոր սեփականության)», - ասել է Փաշինյանը:

Շատ է ասվել, որ Հայաստանն ունի փոքր ներքին շուկա, բայց արժեքային ստեղծագործական մեծ ներուժ, ասել է վարչապետը՝ շարունակելով, որ առկա է նաև այդ շուկայի յուրացման ներուժն ու հայկական ապրանքների, գաղափարների և մշակույթի նկատմամբ պահանջարկը:

«Մենք պետք է բավարարենք այդ պահանջարկը և մեր արժեքները ներկայացնենք աշխարհին: Դա նշանակում է ապրանքների, ծառայությունների արտահանման ավելի բարձր մակարդակ, և որ ոչ պակաս կարևոր է՝ մշակույթ», - ասել է Փաշինյանը՝ շարունակելով. - «Հայաստանի տնտեսության անկյունաքարը ժողովրդի ստեղծագործականությունն ու տաղանդն է: Դա դրսևորվում է մեր աճող մրցունակության, բարձրորակ ապրանքների և ծառայությունների մեջ: Հայերը հեղինակել են մի շարք նորարարություններ՝ MRI մեքենան, թթվածնի դիմակը, ավտոմատ փոխանցատուփը և շատ ուրիշներ: Կարճ ասած, գերմանացիները ճարտարագետ են, իտալացիները՝ դիզայներ, իսկ հայերը՝ ստեղծագործողներ։ Հաշվի առնելով վերը նշված բոլորը՝ մենք մշակել ենք մեր կառավարության գերակայությունները՝ արդյունաբերություն՝ կենսատեխնոլոգիա և դեղագործություն, գյուղատնտեսություն՝ վերամշակված սնունդ և խմիչքներ, զբոսաշրջություն, ենթակառուցվածքներ»։

Փաշինյանը նշել է, որ կարող էին շարունակել կառավարության հնգամյա տեսլականի, ռազմավարական նպատակների, առաջնահերթությունների և կոնկրետ գործողությունների նկարագրությունը: Այնուամենայնիվ, ըստ վարչապետի, այդ նպատակներին կարող են հասնել միայն կառավարության և Հայաստանի ներսում ու դրանից դուրս գտնվող մասնավոր և հանրային գործընկերների համակարգված ջանքերի շնորհիվ:

«Միակ անսակարկելի պայմանն այն է, որ Հայաստանը պետք է շարունակի իր զարգացման առաջընթաց ուղին: Մենք ունենք ներուժ, մենք ունենք հնարավորություններ և ունենք քաղաքական կամք տարածաշրջանային և գլոբալ տնտեսական խաղացող դառնալու համար: Խնդիրն այն է, թե արդյոք դուք պատրաստ եք միանալ մեզ և ընկերակցել մեզ այս հետաքրքիր, բայց ոչ դյուրին ճանապարհին: Եթե պատրաստ եք ձեր քայլը կատարել, եկե՛ք Հայաստան, հարստացե՛ք և հարստացրե՛ք ուրիշներին», - ասել է վարչապետը:

Հանդիպման ավարտին Նիկոլ Փաշինյանն ուղևորվել է Դավոս, որտեղ մասնակցելու է Համաշխարհային տնտեսական համաժողովին: