Նովոսիբիրսկի օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնի (ՆՕևԲՊԱԹ) նոր գլխավոր տնօրեն է նշանակվել Արա Կարապետյանը:

«Այսօր նրան կոլեկտիվին ներկայացրել է ՌԴ մշակույթի նախարար Վլադիմիր Մեդինսկին: Կարապետյանի թեկնածությունը դարձել է երկարատև համաձայնեցումների, քննարկումների և մրցութային ընթացակարգերի արդյունքը,-նշել է թատրոնի ղեկավարությունը։

Կարապետյանը 1994 թվականին ավարտել է Լենինգրադի Ռիմսկի-Կորսակովի անվան պետական կոնսերվատորիան՝ «օպերային-սիմֆոնիկ դիրիժորություն» մասնագիտությամբ:

1992 թվականին իր մասնագիտական գործունեությունն սկսել է Կոնսերվատորիայի երաժշտական թատրոնում Ջակոմո Պուչինիի «Տոսկա» օպերայի բեմադրությամբ: 1992-1997 թվականներին եղել է Պերմի Չայկովսկու անվան օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի դիրիժորը:

1997-2005 թվականներին Ստանիսլավսկու և Դեմիրովիչ-Դանչենկոյի անվան երաժշտական թատրոնի (Մոսկվա) դիրիժորն էր, 2005-2013 թվականներին՝ այդ թատրոնի կարգադրիչ-տնօրենը, իսկ 2013-2016 թվականներին զբաղեցրել է գլխավոր տնօրենի պաշտոնը:

2016 թվականի սեպտեմբերից մինչև 2017 թվականի մայիս նա եղել է Հարբինի (ՉԺՀ) Մեծ թատրոնի և Տյանցզինի Մեծ թատրոնի (ՉԺՀ) փոխնախագահը և արտիստական տնօրենը:

2017 թվականի սեպտեմբերից զբաղեցնում է Մոսկվայի Պոկրովսկու անվան պետական ակադեմիական կամերային երաժշտական թատրոնի տնօրենի պաշտոնը: