Երեկ երեկոյան «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ընկերությունը՝ արձագանքելով նույն օրը ՊԵԿ-ի հրապարակած հաղորդագրությանը, համաձայն որի՝ «Նաիրի Ինշուրանս»-ին վերագրվել են առանձնապես խոշոր չափերի հարկերի չվճարման ենթադրյալ չարաշահումներ, հայտարարել է․

«Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) աշխատակիցներն այս ընթացքում որևէ անգամ չեն այցելել «Նաիրի Ինշուրանս» ստուգումներ իրականացնելու նպատակով և անհասկանալի է, թե ինչ չարաշահումների և նախնական հաշվարկների մասին է խոսվում ՊԵԿ հաղորդագրության մեջ և ինչ փաստերի վրա է հիմնված տվյալ հայտարարությունը»:

Պնդելով, որ ՊԵԿ-ի հաղորդագրության մասին ընկերությունը «տեղեկացվել է մամուլից», «Նաիրի Ինշուրանս»-ը շարունակում է․

«Բավարար հիմքեր ունենք պնդելու, որ ՊԵԿ նման վարքագիծը բացառապես միտված է արատավորելու «Նաիրի Ինշուրանս» ԱՍՊԸ գործարար համբավն ու հեղինակությունը, ուստի կոչ ենք անում ձեռնպահ մնալ ՊԵԿ կողմից տարածվող վստահություն չներշնչող հաղորդագրությունները հրապարակելուց և ցանկացած այլ միջոցներով տարածելուց:

Միաժամանակ, ընկերությունը ձեռնարկելու է օրենսդրությամբ սահմանված բոլոր միջոցներն իր իրավունքների և օրինական շահերի պաշտպանության համար, բացառելու՝ ընկերության գործարար բարի համբավն արատավորող ցանկացած փորձ և պատասխանատվության ենթարկելու նմանօրինակ դեպքերի մեղավորներին օրենքի ողջ խստությամբ», - ասված է «Նաիրի Ինշուրանս»-ի հայտարարությունում:

ՊԵԿ-ը երեկ հաղորդել էր, թե բացահայտվել է «Նաիրի Ինշուրանս»-ի կողմից առանձնապես խոշոր չափերով հարկերը չվճարելու դեպք, ինչի հետևանքով, ըստ նախնական հաշվարկի, պետությանը պատճառվել է մոտ 200 միլիոն դրամ գումարի վնաս՝ առանց տույժ և տուգանքների: