Ջերմուկ համայնքի բնակիչները հունվարի 21-ի հանրային լսումներին բացասական կարծիք են տվել «Ջինջ Արփա Հիդրո» ՍՊԸ-ի «Ջերմուկհիդրո» ՓՀԷԿ-ի կառուցման հայտին, հաղորդում է «Էկոլուր»-ը։

Ջերմուկի համայնքապետի տեղակալ Սամվել Մարգարյանը ԷկոԼուրի հետ զրույցում ասաց, որ ներկայում համայնքապետարանը կազմում է հանրային լսումների արձանագրություն՝ ՀՀ բնապահպանության նախարարություն ներկայացնելու համար:

«Լսումներին ներկա էին խոշորացված համայնքի 35-36 բնակիչ, նրանց 70 տոկոսը դեմ արտահայտվեց ՀԷԿ-ի կառուցմանը: Բնակիչները չեն ուզում նոր ՀԷԿ: Դա կապված է արդեն իսկ կառուցված ՀԷԿ-երի վիճակի, դրանց բացասական ազդեցության հետ: Լսումների ամբողջ ընթացքը ձայնագրել ենք, հիմա նորից լսում ենք, քննարկում, որպեսզի տանք մեր վերջնական եզրակացությունը», - ասաց Սամվել Մարգարյանը:

Ներկայացնելով սեփական կարծիքը՝ համայնքապետի տեղակալը նշեց.

«Ես դեմ չեմ, որ ՀԷԿ կառուցվի: Դա արտադրություն և աշխատատեղ է: Բայց ՀԷԿ-ը պետք է այնպես կառուցվի և այնպես աշխատի, որ բնությանը չվնասի, չբերի բասացական հետևանքների: Մենք մեր աչքի առաջ ունենք արդեն կառուցված ՀԷԿ-երի օրինակները: Ամռանը մեր Արփա գետի վրայով առանց ոտքերը թրջելու անցնում ենք: Եթե նման ձևով պետք է լինի, դեմ եմ:

Լսումներին մասնակից Ջերմուկի բնակիչները` բոլորը, դեմ են արտահայտվել: Այդ ընկերությունն Արփա գետի վրա արդեն ունի ՀԷԿ, եւ մենք տեսել ենք՝ ինչպես են աշխատում. գետի ամբողջ ջուրը վերցնում են: ՀԷԿ-երից որեւէ տնտեսական օգուտ չունենք, օգուտները միայն իրենք են ստանում: Բացի այդ, մենք տեսնում ենք, թե ինչ վիճակում է հայտնվել գետը ՀԷԿ-երի պատճառով: Արփան այլևս առաջվա ջրառատ գետը չէ, փոքրիկ առու է դարձել», - ասաց լսումների մասնակից, ջերմուկցի Ահարոն Արսենյանը:

«Գետն ամռանը չորացնում են, ձկնուղին փակ է: Լսումների ժամանակ ընկերությունը խոստացավ, որ միջազգային չափանիշներին համապատասխան ՀԷԿ կկառուցի: Մենք իրենց ասացինք՝ գնացեք, ձեր արդեն եղած ՀԷԿ-երը համապատասխանեցրեք միջազգային չափանիշներին, հետո խոսեք նոր ՀԷԿ-ի մասին», - նշեց Ջերմուկի մեկ այլ բնակիչ:

Նշենք, որ ՓՀԷԿ-ն ընկերությունը ցանկանում է կառուցել Ջերմուկ քաղաքից մոտ 4 կմ հյուսիս արևելք՝ Արփա գետի վերին ավազանում, ՓՀԷԿ-ի գլխամասը՝ «Ջերմուկ» ջրաբանական արգելավայրից մոտ 30 մետր հեռավորության վրա: ՓՀԷԿ-ի կառուցման դեպքում խողովակի մեջ կհայտնվի Արփայի Փոքրաքար վտակի 13.8 տոկոսը, կհատվի 434 ծառ: