ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի կնոջ՝ Նազիկ Ամիրյանի պնդմամբ դատարանն իր ամուսնուն կրկին կալանավորելու որոշում է կայացրել «փողոցի թելադրանքով»։ Նա մեկնաբանել է դատարանի որոշումը.

«Էս երկրում արդար դատավոր չկա, էս երկրում արդարադատություն չկա և բոլորը ենթարկվում են փողոցին, ուրիշ բան չեմ կարող ասել», - գրում է news.am-ը։

Հիշեցնենք, որ այսօր ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանը բավարարել է ՀՀ գլխավոր դատախազության բողոքն ու որոշում կայացրել կրկին կալանավորել Մանվել Գրիգորյանին։ Դատարանը միևնույն ժամանակ մերժել է պաշտպանական կողմի ներկայացրած՝ Գրիգորյանի նկատմամբ գրավը թույլատրելի ճանաչելու դատարանի որոշումը։

Նշենք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը դեկտեմբերի 21-ին որոշում է կայացրել 25 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակել գեներալ Մանվել Գրիգորյանին։ Այս որոշումը դատախազությունը բողոքարկել էր Վերաքննիչ քրեական դատարանում։

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը կալանավորվել է հունիսի 19-ին`Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մարինե Մելքոնյանի որոշմամբ: Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և նրա կնոջ` Նազիկ Ամիրյանի, դստեր` Այծեմնիկ Գրիգորյանի, Էջմիածին քաղաքի բնակիչներ Սեյրան Ազարյանի, Արմեն Հակոբյանի և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ իրեն պատկանող առանձնատներում պահելու համար, ինչպես նաև՝ մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափի ուրիշի գույք հափշտակելու համար: