Պատմաբան Ռուբեն Շուխյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է Հին Գյումրիի քաղաքապետարանի առաջին շենքի լուսանկարը և գրառում կատարել.

«1920-ականների սկզբի արխիվային լուսանկար. Հին Գյումրիի քաղաքապետարանի առաջին շենքը, հայտնի էր նաև որպես «Օժիտի շենք»: Ուշադրություն դարձրեք փողոցի սյան վրա փակցված բոլշևիկյան սպառնալից լոզունգին.

«Դասակարգային թշնամու կողմից Կարմիր բանակի շարքերը սողոսկելու յուրաքանչյուր փորձ կջախջախենք իր բնում»:

Ի դեպ, 19-րդ դարի վերջին կառուցված և մինչ հիմա էլ կանգուն այս շենքը գյումրեցի մեծահարուստներ Դրամբյանների ընտանիքի նվերն էր նրանց դստեր` Ջավահիր Դրամբյանի ամուսնության կապակցությամբ, որտեղից էլ գալիս է շինության «Օժիտի շենք» ժողովրդական անվանումը։ Փեսացուն՝ Գեղամ Տեր-Պետրոսյանը, դարձավ Ալեքսանդրապոլի առաջին ըտրովի քաղաքագլուխը և շենքը օգտագործեց որպես քաղաքապետարան: Հայաստանի խորհրդայնացումից հետո շենքը պետականացվել է, և այստեղ երկար տարիներ տեղավորված է եղել պիոներների պալատը»: