Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հարուցել է վարչական վարույթ «Մոբայլ Սենթր Արթ» ՍՊ («Մոբայլ Սենթր» խանութների ցանց ընկերության հանդեպ: Այս մասին տեղեկացնում է ՏՄՊՊՀ մամուլի ծառայությունը:

Հանձնաժողովը դիմում-բողոք է ստացել քաղաքացիներից այն մասին, որ ընկերությունը դրսևորում է անբարեխիղճ մրցակցություն, մասնավորապես ոչ հավաստի գովազդի միջոցով մոլորեցնում է սպառողներին:

Ըստ դիմումատուի, բջջային հեռախոսների խանութ-սրահի կողմից հեռարձակվում է գովազդ, որտեղ նշվում է, որ ցանկացած սմարթֆոն կամ պլանշետ գնելու դեպքում ևս մեկ հեռախոս տրվում է նվեր: Գովազդի վերջում հատուկ ընդգծվում է. «Շնորհավորում եմ, զույգ հեռախոսներ ունեցանք» արտահայտությունը, և քանի որ որպես նվեր տրվող երկրորդ հեռախոսի մոդելը գովազդում նշված չէ, ապա սպառողները զույգ հեռախոսներ արտահայտությունը վերագրում են միանման հեռախոսներին, որոնցից մեկը տրվում է բացարձակապես անվճար՝ որպես նվեր:

Սակայն, դիմելով խանութ-սրահ, քաղաքացիները տեղեկացել են, որ սմարթֆոն գնելու դեպքում որպես նվեր ստանում են ոչ թե նույն հեռախոսի զույգը, ինչպես ասվում է գովազդում, այլ իրենց բնորոշմամբ՝ 10-20 հազար դրամանոց հեռախոս:

Դիմումատուները նշում են, ակնհայտ մոլորեցնող գովազդի առկայության հանգամանքը: Հանձնաժողովի կողմից հարուցված վարչական վարույթի շրջանակներում կուսումնասիրվի խնդիրը և այդ մասին կտեղեկացվի հանրությանը:

Հանձնաժողովը կարևորում է գովազդային շուկայում անբարեխիղճ մրցակցության դրսևորումներին առնչվող խնդիրները, քանի որ դրանք ոչ միայն վնասում են սպառողների շահերին, այլ նաև որոշակիորեն խոչընդոտում են նույն ոլորտում գործող տնտեսվարողների գործունեությանը: