2021թ-ից նախատեսվող պարտադիր առողջական ապահովագրության նախագծին կմիանան բոլոր գրանցված աշխատողներն ու բյուջետային համակարգի աշխատակիցները: Այդ մասին հայտարարել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը լրագրողների հետ հանդիպմանը:

«Ծրագրի բոլոր կոմպոնենտները դեռ որոշված չեն: Թե աշխատավարձի քանի տոկոսը պետք է փոխանցվի, ևս որոշված չէ: Կարող եմ ասել, որ աշխարհում կա 2-30 տոկոս, մենք հակված ենք սկսել փոքր տոկոսներից, որ մեծ բեռ չլինի: Չնայած բեռ ասելն էլ է սխալ, որովհետև միանգամից սկսում ես օգտվել արդյունքներից: Երկու տարին սահմանված է, որ ճշգրիտ հաշվարկվի ամեն ինչ և ձախողման հնարավորությունը փոքրացնենք ներդրման ժամանակ»,- ասել է Արսեն Թորոսյանը, հայտնում է shantnews-ը:

Նախարարը նաև նշել է, որ առաջին փուլով առողջական պարտադիր ապահովագրությունը ներդնելով միայն աշխատող քաղաքացիների համար՝ մոտ 50 տոկոս ընդգրկում է ապահովելու, իսկ թոշակառուների հարցը կքննարկվի: Նրանց համար կվճարի կա՛մ պետությունը, կա՛մ աշխատող քաղաքացիները՝ տարեցների համար՝ որպես սոցիալական համերաշխության սկզբունք:

«Համապարփակ բժշկական ապահովության համակարգերը սոցիալական համերաշխության սկզբունքի հիման վրա են ներդրվում: Առողջը՝ հիվանդի, երիտասարդը՝ տարեցի, աշխատողը՝ չաշխատողի համար է ներդնում գումար: Նույնը ուսանողների ու 7 տարեկանից բարձր չաշխատող քաղաքացիների հարցն է, նույնը նաև գործազուրկների հարցն է: Սկսում ենք 50 տոկոսից, հետո քայլ առ քայլ պետք է մեծացնենք: Լավ համակարգ ունեցող երկրներում այդ թիվը հասնում է մինչև 95 տոկոսի և ավելի»,- նշել է Արսեն Թորոսյանը: