Դատախազությունը բողոքարկել է Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանին 50 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակելու առաջին ատյանի դատարանի որոշումը: Այս մասին «Հետք»-ի հարցին ի պատասխան՝ ասաց Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:

Գործով դատական նիստի օր դեռևս նշանակված չէ:

Հիշեցնենք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը՝ նախագահությամբ դատավոր Կարեն Ֆարխոյանի, դեկտեմբերի 30-ին որոշել էր բավարարել Վաչագան Ղազարյանի պաշտպանների միջնորդությունն ու նրան 50 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակել:

Գրավի միջնորդությունը ներկայացվել էր այն բանից հետո, երբ Վերաքննիչ քրեական դատարանը դեկտեմբերի 28-ին մերժել էր Ղազարյանի կալանքի ժամկետը երկարացնելու վերաբերյալ նրա պաշտպանների ներկայացրած բողոքը:

Հիշեցնենք, որ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում Վաչագան Ղազարյանին հունիսի 27-ին մեղադրանք էր առաջադրվել բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրերում իր ունեցած դրամական միջոցների իրական չափի մասին հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելու և ապօրինի հարստանալու գործով:

Ինչպես արդեն հայտնել էինք, հունիսի 20-ին Վաչագան Ղազարյանի` Տերյան փողոցի բնակարանում հայտնաբերվել էր 35 մլն դրամ, 1 110 400 դոլար, 230 500 եվրո։ Իսկ հունիսի 25-ին Ղազարյանը «Արդշինբանկ» ՓԲԸ-ի իր հաշվեհամարից կանխիկացրել էր 50 հազար դոլար, «Յունիբանկ» ՓԲԸ-ի իր հաշվեհամարից՝ 120 հազար դոլար և 436 մլն դրամ, որից անմիջապես հետո բերման էր ենթարկվել Ազգային անվտանգության ծառայություն։

Ըստ քննություն իրականացնող մարմնի՝ հիմնավորվել է, որ Վաչագան Ղազարյանը 2017թ. իր գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց հայտարարագրում, ինչպես նաև պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու օրվա՝ 2018թ. մայիսի 17-ի դրությամբ, գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց հայտարարագրում թաքցրել է իր ունեցած դրամական միջոցների իրական չափը, որը հանգեցրել է առանձնապես խոշոր չափերով գույքի՝ 460 մլն դրամի, 1 272 900 դոլարի և 124 մլն դրամին համարժեք՝ 218 000 եվրոյի չհայտարարագրման։ Բացի դրանից, նախկին պաշտոնյայի գույքի ավելացումն էականորեն գերազանցել է նրա օրինական եկամուտները և ողջամտորեն չի հիմնավորվում։

Նշենք, որ նախաքննության սկզբնական փուլում Վաչագան Ղազարյանը կալանվորվել էր, ապա 1 մլրդ դրամ գրավի դիմաց ազատ արձակել: Այս որոշումը բողոքարկվել էր դատարանում, որի արդյունքում նա նորից կալանավորվել ու անազատության մեջ էր գտնվում մինչև դեկտեմբերի 30-ը, երբ դատարանը նորից գրավը նրա նկատմամբ թույլատրելի ճանաչեց։