Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հնարավոր է մինչև մարտի վերջ սկսի Անկախ Պետությունների Համագործակցությունից (ԱՊՀ) դուրս գալու պաշտոնական գործընթաց։ Լենտա․ռու-ի հաղորդմամբ այս մասին գրել է Իզվեստիան՝ հղում անելով քաղաքական շրջանակներում աղբյուրին։

Զրուցակիցը նշել է, որ այդ քայլի նպատակն է՝ ընտրություններից առաջ Պորոշենկոյի վարկանշի բարձրացում, որը կայանալու է մարտի 31-ին։ Նախագահն ուզում է դա օգտագործել նախընտրական քարոզարշավի ժամանակ։

Մեկ այլ աղբյուր նշել է, որ Ուկրաինան փաստացի արդեն ԱՊՀ անդամ չէ, քանի որ դադարեցրել է մի շարք պայմանագրեր և մուծումներ չի արել։ Նրա խոսքով, Համագործակցությունից վերջնական դուրս գալու որոշումը կրում է «հանդիսավոր-ցուցադրական և քաղաքական բնույթ»։

2018թ-ին Պորոշենկոն հրամանագիր էր ստորագրել Ուկրաինայի համար ԱՊՀ շրջանակում մի շարք միջազգային պայմանագրերի դադարեցման մասին։ Նա կարգադրել էր թողնել միայն այն պայմանագրեր, որոնք համապատասխանում էին երկրի ազգային շահերին։ ԱՊՀ-ում նշել են, որ ապագայում էլ Ուկրաինային կհրավիրեն նիստերին, քանի որ համագործակցությունից դուրս գալու պաշտոնական փաստաթուղթ չեն ստացել։