Հայ լեռնադահուկորդները մեկնել են Իրան՝ վերջին վարկանիշային միավորները վաստակելու: Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանը հույս է հայտնել, որ 23-րդ ձմեռային օլիմպիական խաղերում Հայաստանը գոնե մեկ լեռնադահուկորդ կունենա:

«Շատ հաճելի և կարևոր է, որ մեր մարզիկներն անհրաժեշտ վարկանիշային միավորները վաստակում են մրցելով Հայաստանում»,- ասել է նա:

Այս պահի դրությամբ Սերգեյ Միքայելյանն ու Միքայել Միքայելյանն ունեն 100-ից ցածր միավոր (դահուկային սպորտում նվազող համակարգ է): Վարկանիշային վերջին աղյուսակը հրապարակվելու է հունվարի 20-ին:

Միջազգային ֆեդերացիան՝ ՄՕԿ-ի հետ համատեղ ուղարկելու է երկրների քվոտաները: Հայաստանի ֆեդերացիան կհրավիրի նախագահության արտահերթ նիստ և արդյունքները հաստատման կուղարկի ՀԱՕԿ:

«Ցավոք, Սերգեյը վնասվածք ստացավ և չկարողացավ պահպանել դիրքը լավագույն 300 մարզիկների շարքում: Օլիմպիական խաղերին կմասնակցենք երկրորդ համարով, նա Միքայել Միքայելյանն է: Մեզ համար առաջինը մեր մարզիկների առողջությունն է»,-ասել է նա:

Ֆեդերացիայի ներկայացուցիչն ակնկալում է մեկ տղայի և մեկ աղջկա մասնակցություն:
«Աղջկա ընտրության հարցում հաշվի ենք առնելու գրանցած լավագույն վարկանիշային միավորը և Հայաստանի առաջնության արդյունքները»,- ասել է Գագիկ Սարգսյանը:

Այս տարի Հայաստանի բաց առաջնությանը մասնակցել են մարզիկներ նաև Իրանից Չիլիից, Մեքսիկայից: Ֆեդերացիայի գլխավոր քարտուղարի խոսքով՝ նրանք շատ գոհ են հեռանում Հայաստանից: