Արցախյան գոյամարտում և հայկական անկախ պետականությունների շենացման գործերում անկասկած մեծ է ՀՅԴ ներդրումը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի առաջատար՝ «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը:

Նա, մասնավորապես, գրել է.

«Երեկ մասնակցել եմ Արցախի նախագահ Բակո Սահակյանի մոտ կազմակերպված Հայ Յեղափոխական Դաշնակցության Ընդհանուր ժողովի մասնակիցների պաշտոնական ընդունելությանը, որտեղ առիթ եմ ունեցել կրկին հանդիպելու և մի շարք հարցերի շուրջ մտքեր փոխանակելու Սփյուռքից ու Մայր Հայաստանից ժամանած, իմ կողմից մեծ հարգանք վայելող դաշնակցական Ընկերներիս հետ:

Նախ ողջունում եմ Դաշնակցության 33-րդ Ընդհանուր ժողովը Արցախում անցկացնելու փաստը: Կուսակցության ունեցած մոտ 130 տարիների գործունեությունը խիստ շաղկապված է հայ ժողովրդի պատմության հետ: Ֆիդայական շարժման, Առաջին Հանրապետության հռչակման, Սփյուռքում հայապահպանության և Հայ Դատի խնդիրների, ի վերջո Արցախյան գոյամարտում և հայկական անկախ պետականությունների շենացման գործերում անկասկած մեծ է ՀՅԴ ներդրումը:

Բայց այս ամենով հանդերձ՝ ես առավելապես կցանկանայի ընդգծել իմ վարչապետության 10 տարիների ընթացքում Սփյուռքի տարբեր գաղթօջախներ կատարած այցերի ժամանակ տեսածս ու զգացածս: Ամենուր՝ Ավստրիալիայում, Մերձավոր Արևելքի, Եվրոպայի և Ամերիկյան մայրցամաքի երկրներում, ի դեմս Դաշնակցության ներկայացուցիչների` տեսել եմ հայության համար և հանուն հայրենիքի պայքարող հայի տեսակը:

Համոզված եմ` Դաշնակցության հետ միասին Հայ Դատի վերջնահաղթանակի, ազատ, անկախ ու հզոր Հայաստանի և Արցախի կերտման ճանապարհին դեռ մեծ անելիքներ ունենք»: